Սա լավ փորձ էր «Ապրելու երկիր» կուսակցության համար, որը, համոզված եմ, չի նահանջելու․ Վարդանյան

Սա լավ փորձ էր «Ապրելու երկիր» կուսակցության համար, որը, համոզված եմ, չի նահանջելու․ Վարդանյան

 Երևանցիները երեկ կատարեցին իրենց ընտրությունը, գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Հիմնական դասն այս ընտրություններից այն էր, որ չհաջողվեց ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ և ընտրատեղամաս բերել փոփոխությունների հնարավորությանը հավատացող՝ հանրության ակտիվ, առողջ զանգվածին, որը կքվեարկեր այլընտրանք առաջարկող ուժերի օգտին:

Մյուս կարևոր եզրահանգումն այն է, որ գործող իշխանությունը չունի հանրային վստահություն:

Անգամ Փաշինյանի մասնակցությունն իր թեկնածուի աջակցության հանրահավաքին ընտրողներին չստիպեց տեղամաս գնալ, իսկ «Քաղաքացիական պայմանագրին» չհաջողվեց ռեկորդային ցածր մասնակցության պարագայում ստանալ ընտրությունների մասնակիցների ձայների մեծամասնությունը:

Սա նշանակում է, որ գործող իշխանությունը ոչ միայն չունի հանրության մեծամասնության աջակցությունը (2018թ. Երևանի ավագանու ընտրությունների համեմատ՝ այս ուժը կորցրել է ընտրողների գրեթե ¾-ի աջակցությունը), այլև իշխանությունների գործողությունները բնակչությանն ստիպել են օտարվել քաղաքականությունից, չվստահել նրանց իրենց իրավունքների ու շահերի պաշտպանությունը:

Հենց այս առումով էլ Երևանի ավագանու այս ընտրությունները դառնում են այն քայլը, որը բերելու է իշխանությունների փոփոխության և խորքային փոփոխությունների։

Ինչ վերաբերում է «Ապրելու երկրի» մասնակցությանն ու արդյունքներին, ապա կարծում եմ, սա լավ փորձ էր երիտասարդ կուսակցության համար, որը, համոզված եմ, չի պատրաստվում նահանջել և շարունակելու է աշխատել, քանի որ հավատում է ու վստահ է, որ շատ բան կարող է փոխել և, ոչ միայն փոխել, այլ գտնվել այդ փոփոխությունների առանցքում:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են «Ապրելու երկրի» և, առհասարակ, մյուս առողջ ընդդիմադիր ուժերի օգտին: Վստահաբար, դա ապագայի համար լավ ներդրում է»: