Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է պատրաստում Իսրայելի նախարարների դեմ Գազայի հիմնախնդրի պատճառով

Մեծ Բրիտանիան պատրաստվում է միանալ այլ երկրներին և պատժամիջոցներ կիրառել մի շարք իսրայելցի նախարարների, այդ թվում՝ ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի, ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ, գրել է «Times» թերթը։
Երեքշաբթի օրը ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հայտարարել էր, որ Լոնդոնը սարսափած է Իսրայելի կողմից Գազայի հատվածում պատերազմի վերջին սրացումից և պահանջում է հրադադար և անկլավին տրամադրվող մարդասիրական օգնության ավելացում։
Այնուհետև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Իսրայելի դեսպանին՝ ի պատասխան Գազայում հրեական ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների և հայտնել նրան, որ Թել Ավիվի գործողությունները վնասում են երկու երկրների միջև հարաբերություններին։
Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի կառավարությունները հայտարարել էին, որ կոնկրետ գործողություններ կձեռնարկեն Իսրայելի դեմ, եթե այն չդադարեցնի իր նոր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և չվերացնի մարդասիրական օգնության սահմանափակումները։ Այս երկրները նաև դեմ են արտահայտվել Արևմտյան ափին հրեական բնակավայրերը ընդլայնելու ցանկացած փորձի՝ սպառնալով Իսրայելին թիրախային պատժամիջոցներով։ Հայտարարության մեջ նաև արտահայտվում է այս երկրների կառավարությունների վճռականությունը՝ ճանաչելու Պաղեստինի պետությունը։