Ալեն Սիմոնյանն էն մարդը չէ, որ որոշի իմ իրավունքները․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Ալեն Սիմոնյանն էն մարդը չէ, որ որոշի իմ իրավունքները․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ պետությունն ու եկեղեցին պետք է անջատ լինեն։ Սիմոնյանի համար ատելի են այն եկեղեցականները, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, որոնք կարող են գալ ԱԺ, քաղաքական ելույթներ ունենալ։

«Ես չեմ գնում եկեղեցի և միտինգներ չեմ անում և այստեղ նույնպես շարժվում եմ ազատության սկզբունքով»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր Սիմոնյանը։ 

Հայտնի է, թե հերթական հակաեկեղեցական այս խոսքում իշխանության ներկայացուցիչն ում նկատի ունի. նախորդ ամիս Լաչինի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե ամոթով է նայում Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը, և ամաչում է, թե ինչ գրագետ են գործում միասին։

«Իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․ տարուբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև․ սկսվում ենք՝ «պայքար, պայքար, պայքար մինչ վերջ»–ից և հասնում ենք այսօր ծայրահեղ մինիմալիզմի»։ 

MediaHub-ի հետ զրույցում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ասաց, թե Ալեն Սիմոնյանը նպատակ ունի իրեն հարմար հոգևորական կերտել։ 

«Բայց դժվար թե դա իրեն հաջողվի։ Իրենք չեն որոշում, թե մենք ինչի իրավունք ունենք կամ չունենք։ Իսկ եթե այնպիսի իրավունք ենք խախտել, որը քրեական հանցանք է, ապա մենք դրա համար քրեական պատասխանատվությունից ազատված չենք, հետևաբար ինքը էն մարդը չէ, որ պետք է որոշի իմ իրավունքները։ Ես չեմ կարող ասել, թե ինչ է իրենց ուղեղում, որ նման բան է ասել, կամ առհասարակ մի բան ասելիս մտածում են, թե ասում հետո են մտածում, չգիտեմ»,-ասաց նա։ 

Աջապահյանը շեշտեց՝ բազմիցս է ասել, որ քաղաքականությամբ չի զբաղվել, չի զբաղվում և չի էլ զբաղվելու։ 

«Եթե սա ինձ հետաքրքրի, հոգևորական չէի դառնա։ Բայց ինչ վերաբերում է հայրենիքին՝ պիտի խոսենք, պիտի շարունակենք խոսել, ես իմ խղճի և Աստծո առաջ պետք է պատասխան տամ, իսկ իրենք շատ փոքր մարդիկ են, որ իրենց առաջ ես պատասխանատու լինեմ»,- շեշտեց նա։ 

Դիտարկմանը, թե Սիմոնյանը հարցազրույցում նաև Աստվածաշնչից մեջբերում է անում և ասում` «կայսրինը՝ կայսրին, և Աստծունը՝ Աստծուն”, Աջապահյանն արձագանքեց՝ իրենք չեն որոշում, թե որն է Աստծունը և որն է կայսրինը։

«Դա մենք ենք որոշում, իրենք մեր փոխարեն թող չորոշեն։ Նույն սկզբունքով էլ մենք ասե՞նք, թե իրենք իրավունք չունեն եկեղեցու մասին տեսակետ արտահայտել, բայց մենք չենք ասում նման բան, կարող են արտահայտվել, բայց գոնե հոդաբաշխ մի բան ասեն, որ խելքին մոտ լինի։ Ես ՀՀ քաղաքացի եմ և օգտվում եմ բոլոր այն իրավունքներից, որից պետք է օգտվի ՀՀ քաղաքացին, ինքը պետք է իմ ազատության երաշխավորը լինի, ոչ թե սահմանափակի»,-շեշտեց Աջապահյանը։

Լիաննա Թորոսյան