Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում, Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. Մամուլը՝ սուրճով

Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում, Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. Մամուլը՝ սուրճով

Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի ՔՊ պաշտոնյաների գերակշիռ մասի կենսագրություններում (տե՛ս լուսանկարը), կստացվի, որ անձինք, չունենալով աշխատանքային որեւէ կենսագրություն, անցյալ, ստեղծած արժեքներ, իրենց այսօրվա բարեկեցության եւ զբաղեցրած պաշտոնների համար պարտական են բացառապես Նիկոլ Փաշինյանի իրականացրած իշխանափոխությանը։ 

Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի հեղափոխությունը» ոչ մի րոպե չի աշխատել որեւէ վայրում, թեեւ ավարտել է դպրոց եւ 8 տարի ուսանել է Գավառի պետական համալսարանում։

Ահա՛, Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերն է»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են փակ պահել, փորձելով կանխել իշխանությունների ծրագիրը։ Կիրանցի հատվածում ճանապարհի մի մասը, մասնավորապես կամրջի հատվածը, ըստ հրապարակված քարտեզի, անցնելու է ադրբեջանական կողմի վերահսկողության տակ։ Սակայն երեկ առավոտյան գյուղի բնակիչներից ոմանք կամրջից վերեւ ավտոմեքենա են նկատել։ Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական հերթափոխի անվան տակ դիրքեր են բարձրացրել սակրավորների, որ այս հատվածն էլ ականազերծեն ու ապահով հանձնեն թշնամուն, ինչպես արեցին Ոսկեպարում։

Բնակիչներից մեկը մեզ պատմեց, որ գյուղից երեւում է նաեւ ծանր տեխնիկա, ինչը եւս վկայում է, որ դիրքերի քանդման գործընթացը սկսվել է։ Ի դեպ, երեկ մի ողբերգական լուր էլ ստացանք` ականազերծման աշխատանքներ կատարելիս զինվոր էր պայթել ականի վրա: ՊՆ-ից հավատացնում էին, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, բայց դրանում դեռ պետք է համոզվել: Այս ականազերծման աշխատանքներն ամենավրդովվեցուցիչն էին վերջին իրադարձությունների մեջ․ մարդիկ ասում էին՝ ականազերծում են, որ ոչ մի ադրբեջանցի զինծառայող չտուժի, որ եթե պայթեն, ապա հայ ականազերծողները պայթեն: 

Ալիեւն արդեն չի բավարարվում ականապատման քարտեզները պահանջելով, այլ ստիպում է, որ հայերն իրենց ձեռքով ականազերծեն իրենց իսկ դրած ականները եւ մաքուր ու անվտանգ հանձնեն իրեն:

«Իրավունք» թերթը գրում է.

«Գրեթե մեկ շաբաթ է արդեն, ինչ ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի համաշխարհային դեպարտամենտում: «Իրավունք»-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել ՀՀ տարածք:

«Ինձ հետ էին նաեւ մի ֆրանսիացի պատգամավոր եւ բիզնեսմեն, բայց երբ ինքնաթիռը վայրեջք կատարեց, չգիտեմ, թե ինչ պատճառով իմ մուտքն արգելեցին: Ի՞նչ հիմքով, ոչինչ չեն ասում: Հետո ինձ փորձում էին ուղարկել հետ Փարիզ, չհամաձայնեցի, ինձ զոռով չեն կարող հետ ուղարկել: Ավելին՝ ամբողջ գիշեր այլ չվերթներով էին փորձում ինձ հետ ուղարկել, բայց ասել եմ, որ ես հետ գնացողը չեմ: Որքանով հասկանում եմ, սա կապված է Ոսկեպարի հետ, որպեսզի չգնամ այնտեղ եւ նկարահանումներ իրականացնեմ:

Ո՞ւր մնաց ժողովրդավարությունը, ո՞ւր մնացին լրագրողի իրավունքները: Եթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում»,-շեշտեց մի շարք առողջական խնդիրներ ունեցող Լեո Նիկոլյանը, ում վիճակն օր օրի վատթարանում է, քանի նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում:

Ի դեպ, նշենք, որ Լ.Նիկոլյանը Հայաստան էր գալիս, որպեսզի ապրիլի 25-ին մասնակցեր մի դատական նիստի, որտեղ տուժող է ճանաչված: Սակայն նա այդպես էլ չհասավ նիստին»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջեւ ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու գործն իր վրա է վերցրել:

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետի տիկինը գնացքով գնացել է Գյումրի:

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ Աննա Հակոբյանը Գյումրիում՝ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը մասնակցելու էր գնացել:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հակոբյանի՝ Գյումրի այցից:

Այսպիսով՝ տեղեկացանք, որ վարչապետի տիկնոջ այցն իրականում քողարկված քաղաքական նպատակ է ունեցել:

Բանն այն է, որ որքան էլ ՔՊ-ականները ցույց են տալիս, թե իրենք Գյումրիում իշխանությունն «իրենցով անելու» մտադրություն չունեն, ղեկավարությունն այնտեղ հեշտ ու հանգիստ զիջել են «Բալասանյան դաշինքին», իրականում, ՔՊ-ականներն անհանգիստ են:

Բանն այն է, որ Գյումրիում հասարակության դժգոհությունները Փաշինյանի իշխանությունից գնալով խորանում են. հատկապես վերջին օրերին այնտեղ պարբերաբար ակցիաներ են տեղի ունենում, բնակիչները ճանապարհ են փակում, վերջերս էլ գյումրեցիները Նիկոլ Փաշինյանին էին շատ «ջերմ» ընդունել Գյումրիում:

ՔՊ-ականներն էլ լուրջ մտավախություն ունեն, որ Գյումրիում կրքերը կարող են օրըստօրե թեժանալ, իրավիճակը կարող է ցանկացած պահի իրենց վերահսկողությունից դուրս գալ. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին էլ լուրջ «վտանգ» են համարում արդեն իրենց համար:

Ու, քանի որ, այնտեղ իշխանությունն իրենց ձեռքին չէ եւ անհրաժեշտության դեպքում իրենց մեթոդներով չեն կարողանա զսպել լարված մթնոլորտը, ահա Աննա Հակոբյանը այս կարեւոր «առաքելությունն» իր վրա է վերցրել:

Մեր տեղեկություններով՝ երեկվա նրա այցը Գյումրի նպատակ է ունեցել նախ «ստուգել» հանրային տրամադրությունները, բացի դրանից՝ իր ազգականի՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի միջոցով նաեւ ՔՊ-ի համար որոշ հարցեր լուծել:

Հաջողվե՞լ է դա, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա»: