Վանաձորի Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր

Վանաձորի Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ՝ Սերոբ Գաբրիելյանի,  թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալներ Վլադիմիր Դաղբաշյանի և Արեն Փիլոյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»-ին կից փայտե շինությունում։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են փայտե շինության կառուցատարրերը (մոտ 24 քմ), մոտ 10 պահարան և կենցաղային իրեր։

Հրդեհի հետևանքով Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Գայանե Խ․-ն այրվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։