Լյոկան «մի ոտ շուտ» հրաժարվեց Snoop Dogg-ի համերգին մասնակցելուց

Լյոկան «մի ոտ շուտ» հրաժարվեց Snoop Dogg-ի համերգին մասնակցելուց

Այսօր առավոտյան MediaHub-ը դիմել էր Snoop Dogg-ի երևանյան համերգի կազմակերպիչներին հարցով՝ արդյոք այն կչեղարկվի վերջին զարգացումների ֆոնին:

Մեր զանգի պահին դեռ Արցախը չէր հանձնվել և Արցախի ու հայության համար ճակատագրական որոշումը չէր կայացվել:

«Snoop Dogg-ի համերգի լինելու կամ չեղարկման մասին տեղեկություններ կլինեն այսօր երեկոյան»,- MediaHub-ին հայտնել էին DopingSpace կազմակերպությունից։

Դրան զուգահեռ MediaHub-ը դիմեց Snoop Dogg-ի համերգին մասնակցելու հրավեր ստացած երգիչ Լյոկային: Հիշեցնենք, լուրը, որ համաշխարհային աստղի մեգահամերգի բացումը կանի ղարաբաղցի ռեփեր Լյոկան, բավականաչափ քննադատվեց հանրության կողմից։ Իր գրառման տակ մարդիկ գրում էին, որ իշխանություններն իրեն ուղղակի օգտագործում են, որպեսզի արդարացնեն Արցախի շրջափակման ֆոնին համերգի վրա 23 մլն դոլար ծախսը:

Բայց այդ քննադատությունները չստիպեցին Լյոկային հրաժարվել իր մասնակցությունից: MediaHub-ին էլ էր երգիչը ասել՝ չի հրաժարվելու:

Այսօր առավոտյան համերգի կազմակերպիչների հետ կապ հաստատելուն զուգահեռ դիմեցինք նաև նրան հարցով՝ այսօր էլ, երբ Արցախի դեմ արդեն բացահայտ պատերազմ է հայտարարվել, ինքը չի՞ փոխել իր դիրքորոշումը և կմասնակցի այդ համերգին:

Լյոկան մեր հարցին ասաց. «Չեմ մեկնաբանում»- ու արագ անջատեց հեռախոսը: Չպատասխանեց նաև ֆեյսբուքով գրած հարցին:

Եվ ահա մեկ ժամ առաջ նա իր սթորիում հրապարակեց մի սրտաճմլիկ հայտարարություն այն մասին, որ «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո որոշում է կայացրել հրաժարվել Snoop Dօgg-ի համերգի ելույթից»:

«Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, ի վիճակի չեմ ավելին ասելու», - գրել է նա մեկ ժամ առաջ: Հիշեցնենք, Ադրբեջանն Արցախի վրա հարձակվել է երեկ կեսօրին, այսօր կեսօրին Արցախը հանձնվեց: Գրառումն արվել է մեկ ժամ առաջ, թեև մենք Լյոկային հարցադրումն արել էինք առավոտյան և մեկնաբանություն չէինք ստացել:

MediaHub-ի տեղեկություններով՝ կազմակերպիչներն այսօր առավոտվանից մերձիշխանական շրջանակների հետ քննարկում են համերգը հետաձգելու հարցը, քանի որ չեղարկելը պրոբլեմատիկ է և ծախսատար: Հետևապես Լյոկան, թերևս, տեղեկանալով այդ մասին, որոշեց, ինչպես ասում են, “մի ոտ” շուտ հրաժարվել հավանաբար այսպես թե այնպես չեղարկվող կամ հետաձգվող համերգից: 
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին...

Հիշեցնենք, ՀՀ կառավարության որոշմամբ Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար):