Խոնարհվում ենք զոհվածների և նրանց հարազատների առջև, բայց պետք է հարգենք նաև օրենքը․ Կարեն Անդրեասյան

Ես կարող եմ ասել, որ անկախ բոլոր հանգամանքներից, մենք բոլորս խոնարհվում ենք մեր զոհերի և նրանց հարազատների առաջ։ Այդ մասին MediHub.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների հարազատների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությանը։

Միևնույն ժամանակ, Անդրեասյանը հիշեցրեց, որ ոստիկանությունն արդեն հայտարարել է ներքին ծառայողական քննություն սկսելու մասին՝ հասկանալու, թե որքանով է պետք եղել այդ ուժը։

«Ես անձամբ ներկա չեմ եղել և չեմ կարող մանրամասները մեկնաբանել։ Միևնույն ժամանակ էլ պիտի խնդրեմ, որ անկախ նրանից, թե մենք որքանով ենք հարգում, մեծարում մեր զոհերի հիշատակը, բոլորս պետք է հարգենք նաև օրենքները։ Բայց սա իմ մեկնաբանությունը չէ միջադեպին, սա ընդհանուր դիտարկում է»,- նշեց Անդրեասյանը։

Իսկ բարոյական հարթությունում ինչպե՞ս դիտարկել պատահածը․ Անդրեասյանը վստահ է՝ ոտքի վրա խոսելու թեմա չէ, շատ նուրբ հարց է։

«Մենք ունենք իրավիճակներ, երբ քաղաքականացվում է մարդկանց վիշտը, կամ կան մարդիկ, որոնք փորձում են օգտագործել։ Իհարկե, պետական մարմինները միշտ չէ, որ պատշաճ են գործում մեր բոլոր քաղաքացիների հանդեպ։ Ամեն դեպքում շատ բարդ հարց է»,- նշեց նա։

Հարցին, թե քաղաքական հրահա՞նգ չէր, որ ոստիկանները պետք է բացեին Փաշինյանի ճանապարհը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց՝ կարող է վստահեցնել՝ ոստիկանները քաղաքական հրահանգ չեն կատարում։