Արկադի Բարսեղյանի մեքենան հաճախ են տեսել Զարինեի տան մոտ․ նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով  

Արկադի Բարսեղյանի մեքենան հաճախ են տեսել Զարինեի տան մոտ․ նոր մանրամասներ Պեմզաշենի դաժան սպանության գործով  

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Պեմզաշենի դաժան սպանության գործով դատական նիստը։ Գործով դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց վկաների ցուցմունքները։ Ըստ վկա Արմենուհի Ռափյանի ցուցմունքի՝ դեպքի գիշերը Զարինե Մելիքսեթյանի տանից ձայներ է լսել՝ ճիչեր, բղավոցներ, սակայն մտածել է, որ Զարինեն երեխայի վրա է բարկանում։ Բացի դա, Ռափյանը լրացուցիչ ցուցմունքով ասել է, որ Արկադի Բարսեղյանի կինը զանգահարել է իրեն, հանդիպումներ կազմակերպել։ 

Սայաթ Միքայելյանի ցուցմունքի համաձայն էլ` վերջինս ինքն է Վրույր Բարսեղյանին իր մեքենայով դեպքի հաջորդ օրը Արթիկ քաղաք տարել։ Վերջինս նաև ներկայացրել է, որ Արկադի Բարսեղյանի մեքենան ժամանակ առ ժամանակ տեսել է Զարինե Մելքիսեթյանի տան տարածքում։ Մյուսը Գայանե Մելիքյանի ցուցմունքն է, որի հետ դեպքի հաջորդ օրը Վրույր Բարսեղյանը գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել։ Վրույր Բարսեղյանը դեպքի հաջորդ օրը գումարի դիմաց սեռական հարաբերություն է ունեցել նաև Արմինե Հովակիմյանի հետ։ 

Արկադի Բարսեղյանն էլ այդ օրերին եղել է թմրանյութի ազդեցության տակ, ինչպես նաև այդ օրերին բջջային հեռախոսում առկա են եղել պատմություններ, լուսանկարներ օնլայն խաղադրույքների վերաբերյալ, ինչպես նաև պոռնոգրաֆիկ կայքեր է մուտք գործել։ Վրույրն ու Արկադին թվով 49 հեռախոսազանգ և վիդեոզանգ են ունեցել միասին։ Որոշները ջնջել են, սակայն համապատասխան մասնագետների կողմից վերականգնվել են։ 

Հոկտեմբերի 24-ին էլ Արկադի Բարսեղյանը խոսել է ընկերոջ՝ Հայկ Մելիքսեթյանի հետ, որը տուժող Սևակ Մելիքսեթյանի հորեղբոր տղան է։ Հոկտեմբերի 24-ին Հայկ Մելիքսեթյանը մեսենջերներից մեկով խոսել է Սևակ Մելիքսեթյանի հետ, հեռախոսում առկա են եղել Սևակ Մելիքսեթյանի նկարը և կից մերկ աղջիկների լուսանկարներ են եղել։ Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Արկադի Բարսեղյանը Հայկ Մելիքսեթյանից փորձել է ճշտել, թե վերջիններս երբ են ՀՀ վերադառնալու։ 

Վրույր Բարսեղյանը ևս պոռնոգրաֆիկ կայքեր է այցելել, ինչպես նաև առկա են զանգեր թեթև վարք ունեցող կանանց հետ հանդիպում և հարաբերություններ ունենալու համար։ Հայտնի է դարձել նաև, որ Արկադի Բարսեղյանի փաստաբանը այցելել է ընտանիք ու բոլորով որոշել են մեկ ժամ ֆիքսել ու ասել, որ Արկադին այդ ժամին տուն է եկել, սակայն քրեակատարողական հիմնարկում Վրույր Բարսեղյանը խցակիցներին ևս պատմել է, որ Արկադի Բարսեղյանն իր հետ է եղել ու մասնակցել թե՛սեռական ոտնձգությանը, թե՛ բռնություն գործադրելուն։ «Նաև գաղտնալսման զննությամբ առկա է տեղեկատվություն Վրույր Բարսեղյանի և վերջինիս մոր խոսակցության վերաբերյալ, որտեղ վերջինիս մայրը հայտնում է, որ Արկադի Բարսեղյանի փաստաբանը զանգել է Վրույրի ընկերներին՝ Գոռոյին և Սպոյին ու ասել ՝ «եկեք, ցուցմունք տվեք, թե յանի դու ես ասել, որ Արկադիի հախից պտի գաս», բայց նրանք ասել են՝ «չեն գա ու նման բան չեն ասի»», -մանրամասնեց Արեգ Խաչատրյանը։ 

Վրույր Բարսեղյանը մորը մանրամասներ է ներկայացրել, թե դեպքի ժամանակ կոնկրետ ինչ է տեղի ունեցել, նույն ժամանակ մայրը հորդորել է իրավիճակն այնպես ներկայացնել, որ Վրույրի վիճակը բարելավվի, բայց Վրույրը մերժել է ու ասել, որ ամեն ինչ պատմելու է այնպես, ինչպես տեղի է ունեցել։ 

91 իր առարկա ճանաչվել է որպես իրեղեն ապացույց, որոնց թվում է Վրույր Բարսեղյանի արյան նմանվող հեղուկի հետքերը, մեկ զույգ հողաթափի նմանվող սպորտային կոշիկները, ծալովի դանակը, որը հայտնաբերվել է վերջինիս տանը, ինչպես նաև սերմնահեղուկի հետքերը։ Դատավորը լսեց ցուցմունքների վերաբերյալ տվայլները։ 

Հիշեցնենք, որ դեպքից մեկ տարի անց ՀՀ ՔԿ-ն հայտնեց,որ  ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ, հետևողական և համակողմանի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի բոլոր հանգամանքները:

2022 թվականի նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում դաժանաբար սպանվեցին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանն ու նրա երկու անչափահաս երեխաները: Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում:

Լիաննա Թորոսյան