Հրթիռակոծություն, «սրտերի» համար պայքար. Իրան-Իսրայել հակամարտությունում կլինե՞ն հետագա ռազմական զարգացումներ

Հրթիռակոծություն, «սրտերի» համար պայքար. Իրան-Իսրայել հակամարտությունում կլինե՞ն հետագա ռազմական զարգացումներ

Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13-ից լույս 14-ի գիշերը Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:

Հրթիռների 99 տոկոսը խոցվել է. Իսրայելի բանակի խոսնակ, ծովակալ Դանիել Հագարին նշել է, որ զինված ուժերը շարունակում են լիարժեք գործել և քննարկում են հետագա զարգացումները։ 

Կլինեն, արդյո՞ք, նոր գործողություններ ու էսկալացիա. MediaHub-ը կապ հաստատեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ:   

«Պետք է արձանագրել, որ երեկ գիշեր Իրանի կողմից իրականացված «Պատասխան վրիժառության գործողությունը» Իսրայելի նկատմամբ, ունեցել է հենց պատասխան գործողության ձևաչափ, այսինքն չի կարելի խոսել Իրան-Իսրայել պատերազմի մասին: Իրանը պատերազմ չի սկսել Իսրայելի դեմ և գործողությունն ունեցել է սահմանափակ թիրախներ և ընդհանուր առմամբ սահմանափակ բնույթ, չնայած այն հանգամանքին, որ իրանական կողմը կիրառել է բազմաթիվ ԱԹՍ-ներ և հրթիռներ: Իրանական կողմն առնվազն հայտարարում է, որ իր կողմից նախանշված թիրախը խոցվել է: Խոսքը Իսրայելի տարածքում գտնվող Նեգևի անապատում գտնվող իսրայելական ռազմական ենթակառուցվածքի մասին է, որտեղից էլ, ըստ իրանական կողմի, ծրագրավորվել և իրականացվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ օդային հարձակումը, հետևաբար իրանցիները համարում են, որ իրենց խնդիրը լուծել են»,- նշեց իրանագետը: 

Ոսկանյանը նշեց, որ պետք է մի կարևոր հանգամանք շեշտադրել. «Այո, իրանական հարձակումը եղել է զանգվածային, բայց իրանցիները կիրառել են իրենց ԱԹՍ-ների և հրթիռային պոտենցիալի ամենևին ոչ խոշոր մասը և չնայած չորս պետությունները՝ Իսրայելը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Հորդանանը, լայնորեն աջակցել են միմյանց հակաօդային պաշտպանության միջոցներով՝ Իրանին դիմակայելու համար, այսուհանդերձ, իրանական հրթիռների մի մասը հասել են իրենց նպատակակետին»: 

Ինչ վերաբերվում է զուտ ռազմական տիրույթից դուրս իրավիճակին, ապա իրանագետի կարծիքով ակնհայտ է, որ իրանցիները, բացի ռազմական բնույթի գործողություններից, իրականացրել են նաև կիբեռհարձակումներ, որոնք որոշակի արդյունավետությամբ են եղել: 

«Մյուս կողմից շատ կարևոր է քարոզչական տիրույթում պայքարը: Հսկայական տեղեկատվական և ապատեղեկատվական աճ ենք նկատում, և այս ֆոնին շատ կարևոր է տարանջատել իրական տեղեկատվությունն ապատեղեկատվությունից»,- ասաց նա:

Ոսկանյանի կարծիքով՝ իրանական գործողությունը, բացի ռազմական-քաղաքական բաղադրիչից, ուներ նաև կարևոր խորհրդանշական տարր: 

«Իրանցիներն իրենց հիմնական հակառակորդ թուրք-էրդողանական վարչախմբին ի հակառակ աշխատում են նաև հասարակ արաբ քաղաքացիների «սրտերի վրա» և իրանական հրթիռների և անօդաչուների թռիչքը դեպի Իսրայել համակրանքի զգացմունքներ է առաջ բերել բազմաթիվ արաբական երկրներում հասարակ բնակիչների շրջանում՝ Իրանի հանդեպ: Ուստի իրանցիներն այս տիրույթում փորձելու են առաջիկայում ստանձնել նաև առաջնորդություն, այսինքն, ըստ էության, Իրանը հանդես է գալիս բազմամիլիոն հասարակ քաղաքացիների աչքերում որպես հիմնական միջնաբերդ, որը պայքարում է Իսրայելի դեմ, ուստի այստեղ էլ իրանական ձեռքբերումները պետք է գնահատել ակնառու և պարզ է, որ միայն հռետորաբանությամբ հանդես եկող էրդողանական վարչախումբը այստեղ զգալի կորուստներ է ունեցել, պատկերավոր ասած՝ «սրտերի համար պայքարում»»,- եզրափակեց Ոսկանյանը:

Նշենք, որ Թեհրանն ավելի վաղ հայտնել էր, որ անպատասխան չի թողնի Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին հասցված օդային հարվածը, որի հետևանքով սպանվել են մի խումբ իրանցի բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» ուժերի բարձրաստիճան հրամանատար, գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և նրա տեղակալ Մոհամմադ Խադի Խաջի Ռահիմին: 

 

Ռեբեկա Հովհաննիսյան