Գնացքներն են պակասե՞լ, թե՞ ուղևորներն ավելացել. ո՞րն էր այսօր մետրոյում կոլապսի պատճառը
Երևանի մետրոպոլիտենում այսօր առավոտյան արձանագրված մարդկային խցանումները և աննախադեպ հոսքը հանրության կողմից բուռն քննարկումների առարկա դարձան:
Մարդկանց քանակն այնքան շատ էր, որ գնացքի դռները չէին կարողանում փակվել, գնացք նստելու սպասողների թիվն էլ գնալով ավելանում էր։
Ի դեպ, շեշտենք, որ այսօրվանից նման իրավիճակ կարող է լինել ոչ միայն Երևանի մետրոպոլիտենում, այլ նաև Երևանի հասարակական տրանսպորտում, քանի որ այսօրվանից տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ունենալը։
MediaHub-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի խոսնակ Աննա Ասլանյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք մետրոպոլիտենն էլ է անցել նոր սահմանփակումների և միայն 100 դրամանոց մետաղադրամ կամ QR կոդ ընդունում։
«Մետրոյում միայն QR կոդ է գործելու, որը կարող են ձեռք բերել «Tell cell» ապարատներից և մեր գանձապահներից»,– ասաց նա։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք գանձապահներն ընդունում են միայն 100 դրամանոց մետաղադրամներ, նա պատասխանեց՝ «Ոչ»։
Անդրադառնալով առավոտյան մետրոյում արձանագրված կոլապսին՝ Աննա Ասլանյանը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում ներողամտություն էր հայցել հայրենակիցներից և, ի զարմասն բոլորիս, համեմատություն անցկացրել աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ: Թերևս, նա նկատի ուներ խոշորագույն քաղաք հանդիսացող Տոկիոն։
«Մետրոյի ծանրաբեռնվածություն կարող է հանդիպել նաև աշխարհի ամենազարգացած ենթակառուցվածքներ ունեցող երկրներում՝ օրինակ Ճապոնիայում»,- գրել էր խոսնակը։ Մեզ մնում է ուղղակի հիշեցնել, որ Տոկիոն աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկն է, որի բնակչությունը շուրջ 15 մլն է (2023 թվականի տվյալներով):
Հետևապես, մեր զրույցի ժամանակ դիտարկում արեցինք, որ, կարծես թե, Երևանի բնակչությունն այդքան չի ավելացել վերջին օրերի ընթացքում, որ նման խնդիրներ առաջացներ մետրոպոլիտենում, գուցե նոր համակա՞րգն է պրոբլեմների հիմքը: Ասլանյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, այս պահին վերլուծություններ են կատարվում խնդիրը պարզելու և իրավիճակը շտկելու, մեր քաղաքացիներին նման անհարմարություններից ետ պահելու համար»։
Հարցին՝ արդյո՞ք փոխվել է գնացքների միջև ժամանակային միջակայքը, Երևանի մետրոպոլիտենի խոսնակը բացասական պատասխան տվեց, և ասաց, որ պարզապես գերծանրաբեռնված լինելու պատճառով է այս պատկերը՝ մինչ մարդիկ իջնում են, մինչև նստում են, չվացուցակը խախտվում է, մինչև ստեղծվում է անվտանգ իրավիճակ, որ գնացքը հստակ կարող է շարժվել, առանց որևէ մեկին վնաս հասցնելու, չվացուցակից ետ են մնում, ինչը պատճառ է հանդիսանում գնացքների ուշանալուն։
Արդյո՞ք քննարկվել է գնացքների թիվն ավելացնելու տարբերակը հարցին Ասլանյանը պատասխանեց․ «Միգուցե և քննարկվի, բայց գնացքները չեն պակասել, շարժակազմերն ոնց աշխատել են, այդպես էլ շարունակում են նույն քանակով աշխատել, այսօր ուղղակի աննախադեպ հոսք է եղել»։
Սակայն, մետրոպոլիտենի կայքն ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ գնացքների ժամանման տևողության ամենաքիչ ժամանակը կազմում է 5 րոպե, իսկ ամենաերկարը՝ 12 րոպե, մինչդեռ քաղաքացիները հիշում են, որ եղել են ժամանակներ, երբ գնացքների ժամանման միջակայքը եղել է նույնիսկ 3 րոպե՝ պիկ ժամերին:
Ի դեպ, մեր զրուցակիցը առավոտյան իր գրառման մեջ նաև նշել էր, թե «Ճապոնիայի մետրոյի կայարաններում հերթապահում են այսպես կոչված «տափանորդներ»՝ ամրակազմ տղամարդիկ, ովքեր պիկ ժամին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին հրելով տեղավորում են:
Հուսանք, շուտով Երևանի մետրոյում նման հաստիք չի ավելանա, չի գա այն օրը, որ հայտարարություն տեսնենք, որ մետրոյին պահանջվում են «ամրակազմ տղամարդիկ», այլ փոխարենը մետրոպոլիտենի ղեկավարությունը և քաղաքային իշխանությունը ճիշտ հաշվարկներ ու հետևություններ կանեն՝ մարդկանց բարեփոխում անվան տակ քիչ անհարմարություններ պատճառելու տեղը:
Մարիաննա Արամյան