Փաշինյանն Արգիշտի Քյարամյանին ապագայում շնորհելու է «ծովակալի» կոչում

Փաշինյանն Արգիշտի Քյարամյանին ապագայում շնորհելու է «ծովակալի» կոչում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների կոչումներ է շնորհել։ Նրանցից մեկն էլ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն է, որին Խաչատուրյանը շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Սա հավասարազոր է գեներալ-մայորի կոչման։ 

Արգիշտի Քյարամյանը ՔՊ-ի օրոք դարձել է պաշտոնների հարցում Օսկարակիր՝ նա, չունենալով պետական և ուժային ոլորտների կառավարման որևէ փորձ, զբաղեցրել է ԱԱԾ-ի պետի և այլ առանցքային պաշտոններ: Դա նման է կամ Փաշինյանի կողմից ՀՀ քաղաքացիների թրոլինգի կամ Արգիշտի Քյարամյանը ծնվել է «բախտավոր աստղի» տակ: 

Չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե ինչու է շարքային ոստիկանը լույսի արագությամբ կարիերա կառուցում նիկոլական Հայաստանում՝ ինչ է արել Քյարամյանը պետության, Արցախի, ազգի համար, որ նա այսօրվանից գեներալ-մայորի կոչում ունի: Եթե Հայաստանը ծով ունենար՝ Փաշինյանը Քյարամյանին ծովակալի կոչում կշնորհեր: 

Միգուցե Փաշինյանը Քյարամյանին տեսնում է ապագա վարչապետի պաշտոնում, քանի որ այսպիսի շլացուցիչ կարիերային աճի պարագայում հաջորդ պաշտոնը կամ ՀՀ վարչապետի պաշտոնն է կամ «գունդստաբլի», եթե պատմական Կիլիկիան ՔՊ-ն միացնի Հայաստանին:

Փաշինյանական Հայաստանը «ծուռ հայելիների» երկրի է վերածվել, որտեղ պաշտոնների բաշխումն արվում է «ղուշ կամ գիր» բանաձևով:

Վահրամ Բագրատյան