«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանի գործադիր մարմնում ավագանու ընտրություններից հետո պաշտոնանկությունների տեսքով մի շարք փոփոխություններ են սպասվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են մի քանի «կարկառուն» նախարարների հրաժարականները: Ըստ ՔՊ ներսում շրջանառվող տեղեկությունների՝ հրաժարական են ներկայացնելու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Մեր տեղեկություններով՝ իշխող քաղաքական թիմի ներսում մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց՝ ընդամենը խոսակցությունների մակարդակով. վերջնական որոշումը կկայացվի ավագանու ընտրություններից հետո:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գնել Սանոսյանին փոխարինելու է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնը բաժին կհասնի ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանին, որը երկար ժամանակ կատաղի պայքար էր տալիս այդ պաշտոնի համար:
Իշխող թիմն այս պահի դրությամբ Հակոբ Սիմիդյանին եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող դեռ չունի, բայց մինչ ընտրություն այս հարցն էլ կլուծեն:
Ինչ վերաբերում է Գնել Սանոսյանին, ապա, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նրա եւ Արմեն Փամբուխչյանի համար նոր՝ «յուղոտ» պաշտոն է մտածել քաղաքապետարանում. նախատեսվում է, որ ավագանու ընտրություններից հետո նրանք պետք է զբաղեցնեն քաղաքապետի տեղակալների պաշտոնները:
Սրանք այս պահին իշխանության ներսում եղած տրամադրություններն են, իսկ թե ինչով կավարտվեն գործընթացները եւ հետագա զարգացումները, ցույց կտա ժամանակը: Մենք առաջիկայում կհայտնենք:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Թիմային աշխատանքից խոսող Հայկ Մարությանի (որը լքեց Նիկոլ Փաշինյանի թիմը) ներկայիս թիմից մինչեւ ընտրություններ, կարծես թե, թիմ չի մնա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրար հետ քաղաքական որեւէ կապ չունեցող նախկին քաղաքապետի թիմում արդեն սկսվել է սեւերի եւ սպիտակների բաժանման գործընթացը: Մարությանը անթաքույց ցույց է տալիս, որ ունի իր սիրելիները եւ առանձնապես չի էլ ցանկանում քարոզարշավին տեսնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից իրեն մինչ այս պահը անհայտ սեփական թիմի թեկնածուներին: Աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս կռվախնձորն է եղել պատճառը, որ քարոզարշավը մոտ 6 օր ուշ սկսվեց:
Դեռ չձեւավորված թիմը, կարծես թե, սկսում է ճաքեր տալ: Հիմա ասեկոսեներից անցնենք փաստերի. ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ պայքարի սկզբնամասում Հայկ Մարությանի թիմից, սեփական դիմումի համաձայն, հեռացել են ավագանու երկու թեկնածուներ՝ Ավետիսյան Էլինան եւ Հակոբյան Ժիրայրը: Ինչու՝ հրապարակավ չեն ասում:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, շատերի ուշադրությունը գրավեց Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի վրա «սավառնող» Արցախի դրոշը: Սոցցանցերում այդ տեսանյութի տարածմանը զուգահեռ՝ տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ով կարող էր կազմակերպած լինել այդ ակցիան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի դրոշի «դրոնային» ծածանումը Հանրապետության հրապարակում նախաձեռնել ու իրականացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը: Տեղեկությունը ճշտելու համար զանգահարեցինք կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքել յանին, որը չհերքեց մեր տեղեկությունները, բայց և, միևնույն ժամանակ, չցանկացավ հավել յալ տեղեկություններ հայտնել:
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախում նախագահի ընտրության առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։ Երեկվանից սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի ամսի 7-ին։ Երեկ որեւէ խմբակցություն թեկնածու չէր առաջադրել, սեպտեմբերի 8-ին ԱԺ նախագահը կհայտարարի առաջադրված թեկնածուների մասին, ապա եռօրյա ժամկետում կկայանա ընտրությունը՝ որոշել են ժամանակ չկորցնել եւ շաբաթ օրը նիստ հրավիրել։ Առաջին փուլում թեկնածուն պետք է հավաքի պատգամավորների 2/3-ի ձայները, այսինքն` 22 կողմ, Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքը» 9 պատգամավոր ունի:
Եթե ամեն ինչ հարթ գնա, հնարավոր է առաջին փուլով Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ։ Բայց նա պետք է հաշվի նստի ԱԺ ընդդիմության հետ եւ որոշ լծակներ զիջի՝ պաշտոնների տեսքով, իրեն ընտրելու դիմաց։ Ի դեպ, առաջիկա օրերին ընդդիմադիր ուժերում կոնսուլտացիաների փուլ է հայտարարված՝ թե՛ ներթիմային, թե՛ միջկուսակցական։ Երկրորդ փուլում բավարար է պարզ մեծամասնության քվեն։
Ի դեպ, չնայած ՀՀ իշխանությունը համոզված է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցում մեծ դեր է խաղացել Ռուբեն Վարդանյանը, եւ այդ մասին ՔՊ-ական պատգամավորներն անգամ հայտարարություններ են անում ու լուրեր տարածում, թե նա վերադառնում է նախկին պաշտոնին, սակայն ԱՀ-ից վստահեցնում են, որ նոր ձեւավորվող կառավարությունում Վարդանյանը պաշտոն չի զբաղեցնելու: Արցախում չեն բացառում, որ պետնախարար նշանակվի Արայիկ Հարությունյանի մերձավորներից մեկը։