Ես նման որոշմանը դեմ եմ, բուհերը որպես առանձին միավորներ պետք է գործեն․ Հակոբ Ղազանչյան 

Ես նման որոշմանը դեմ եմ, բուհերը որպես առանձին միավորներ պետք է գործեն․ Հակոբ Ղազանչյան 

ԿԳՄՍ նախարարությունը, հավատարիմ կառավարության որդեգրած քաղաքականությանը, որոշել է «հանձնել» նաև մեր բուհերը։ Անունը դրել են, իհարկե, օպտիմալացում՝ նպատակ ունենալով մի շարք բուհեր միավորել մեկ ուղղության մեջ, բայց սա, շատերի գնահատմամբ, հանգեցնելու է արդեն այդ բուհերի վերջնական վերացման։

Օրինակ, համաձայն նախարարության հրապարակած ցանկի, որը տարածվել է մամուլով, «Արվեստների» ուղղության մեջ են մտնելու
1․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2․ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3․ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4․ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5․ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6․ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։

Կոնսերվատորիայից արդեն իսկ մի անատամ, անհասկանալի «մտահոգություն» արտահայտող տեքստ էին այսօր տարածել, որից լավ չհասկացվեց՝ կո՞ղմ են, դե՞մ են, թե՞ իրենց մեկ է՝ ինչ կլինի իրենց բուհի ճակատագիրը։

Թատերականից դեռ նորություն չկա։ Թատերական գործիչները դեռ լռում են, սպասում են պաշտոնական տեղեկատվության։ 

Օրինակ՝ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը Mediahub-ի հետ զրույցում ասաց․ «Ես դեռ ոչ մի բանից տեղյակ չեմ, ես սպասում եմ պաշտոնական հայտարարությանը։ Առայժմ ոչինչ էական որոշակի չկա։ Երբ որ պաշտոնական կլինի, էդ դեպքում կփորձենք հասկանալ՝ ոնց ենք պատկերացնում դա»։

Բայց նա, ամեն դեպքում, սոցցանցերից ծանոթ էր թեմային ու տարածվող տեղեկություններին, և երբ հարցրինք՝ պաշտոնապես տեղեկանալուց հետո ինչպիսի՞ն կլինի իր վերաբերմունքը, Հակոբ Ղազանչյանն ասաց․ «Մի նախադասությամբ միայն կասեմ, որ ես դեմ եմ, եթե էդպիսի բան լինի։ Ես նման որոշմանը դեմ եմ, բուհերը որպես առանձին միավորներ պետք է գործեն։ Բայց այդքանը, ավելին հիմա ասել չեմ կարող»։

Վահե Մակարյան