ԿԲ պատվիրակությունը Չինաստանում է, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԿԲ պատվիրակությունը Չինաստանում է, փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հոկտեմբերի 20-27-ը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։ 

 

 Այցի ընթացքում կազմակերպվեցին մի շարք կարևոր հանդիպումներ, որոնց նպատակն էր խորացնել համագործակցությունը ֆինանսաբանկային ոլորտում:
 

ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը հանդիպեց ՉԺՀ Ժողովրդական բանկի ներկայացուցիչներին՝ վճարահաշվարկային ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ քննարկումներ ունենալու նպատակով:

Պեկինում ՀՀ դեսպան Վահե Գևորգյանի հետ միասին հանդիպեցին «Bank of China» բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Լին Ջինգժենի հետ՝ քննարկելու յուանով փոխհաշվարկների և կապիտալի շուկայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը:
 

«China Union Pay» քարտային վճարային կազմակերպության խորհրդի նախագահ Ջուֆեն Դոնգի հետ քննարկվեցին քարտային և քյուար վճարումների փոխգործելիության, օնլայն վճարումների և բիզնեսների միջև վճարումների հարցեր:
 

 Շանհայում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «China Union Pay» և Արմենիան Քարտ ընկերությունների միջև՝ վճարումների ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
 

 Պատվիրակությունը հնարավորություն ունեցավ ծանոթանալ «China Union Pay»-ի, «Huawei»-ի, Cross-Border Interbank Payment System (CIPS) համակարգի և այլ տեխնոլոգիական ընկերությունների նորագույն լուծումներին:

 SWIFT-ի կազմակերպած Sibos համաժողովում հանդիպումներ տեղի ունեցան նաև Clearstream-ի, Եվրոպական կենտրոնական բանկի, ICBC բանկի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ:
 

Այս այցելությունը մեծ հնարավորություններ է բացում հայ-չինական ֆինանսաբանկային համագործակցության նոր ուղղություններով զարգանալու համար, և ստեղծվել են ամուր հիմքեր՝ հետագա համագործակցության ընդլայնման համար: