ՔՊ-ականները շարունակում են «մեղրամիսը» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ

ՔՊ-ականները շարունակում են «մեղրամիսը» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

ՔՊ-ականները շարունակում են «մեղրամիսը» թուրք-ադրբեջանական տանդեմի հետ՝ արագ տեմպերով գնալով նորանոր տարածքային զիջումների Բաքվին: Մասնավորապես, Բերձորի հանձնման հարցն է այսօր ՔՊ-ի օրակարգում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններն են կարգավորվում հայ ժողովրդի թիկունքում, կուլիսային հանդիպումների արդյունքում:

ՀՀ գործող իշխանություններին կարելի է առաջարկել «3+3» հանդիպումներն անցկացնել նոր ֆորմատով: Հայաստանից ներկա են լինելու Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիայի կողմից՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ու Ադրբեջանի կողմից՝ Իլհամ Ալիևը: Այդպիսի ֆորմատով հանդիպումներն ավելի խոսուն կլինեն և հայ ժողովուրդը վերջապես կհասկանա, թե ինչ են պայմանավորվում ՔՊ-ն ու Բաքու-Անկարա տանդեմը՝ Արցախի հարցով և հայ-թուրքական կարգավորման հետ կապված:

ՔՊ-ն ՀՀ քաղաքացիների ուշադրությունը շեղում է ներքաղաքական տարբեր հարցերի վրա, իսկ արտաքին ճակատում գնում է նորանոր, ոչ հայանպաստ զիջումների և պայմանավորվածությունների, որոնք կործանարար են լինելու Արցախի ապագայի և հայոց պետականության համար:

Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում ՀՀ-ում ՔՊ-ական իշխանությունների գոյությունն ու դիրքերի ամրապնդումը, քանի որ ՔՊ-ի օրոք Արցախից նորանոր տարածքներ են զիջվում, հայոց բանակը չի հզորանում, սահմաններում ադրբեջանական զորքերն անում են այն, ինչ ցանկանում են, իսկ Երևանից հնչում են լղոզված հայտարարություններ: 

Ալիևի հոխորտանքներին ՔՊ-ն չի արձագանքում կամ արձագանքն այնքան թույլ է և անատամ, որ դա հակադարձում համարել չի կարելի: ՀՀ-ում իշխանափոխությունն առաջին հերթին անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական զույգի հակահայկական ծրագրերը խաթարելու և Արցախի փրկության համար:

Վահրամ Բագրատյան