Պետական որոշ մարմիններ ունեն անթաքույց, անբռնազբոս լկտիություն իրավակարգի նկատմամբ․ Հակոբյան

Մարդիկ կան, որ քաղաքական հետապնդումների թեմայով հիշատակման ու ուշադրության արժանի են, բայց ես խոսեմ վերջին դեպքերից, երբ Արցախի հանձմանը հաջորդեցին ցույցեր Կառավարության շենքի դիմաց, որի արդյունքում մի շարք մարդիկ կալանավորվեցին, ձերբակալվեցին և կարծում եմ՝ սա պայմանավորված է նոր ցույցեր, քաղաքական ընդվզումներ թույլ չտալով։ Այս մասին այսօր Հայկական օրակարգ խորագրով հերթական քննարկման ժամանակ ասաց փաստաբան Սոս Հակոբյանը։

«Արցախը չհանձնելու գործով 11 անձ մեղադրյալ է անցնում․ Աշոտ Առաքելյան, Տիգրան Հովհաննիսյան, Մարատ Հակոբյան, Տաթևիկ Վիրաբյան, Վրեժ Հախումյան, Բորիս Սողոմոնյան, Անատոլի Ղամբարյան, Մխիթար Օհանջանյան, Վալերի Գրիգորյան, Մանվել Պետրոսյան, Գոռ Հակոբյան։ Բացի Տաթևիկ Վիրաբյանից, մյուսները հանրությանը հայտնի մարդիկ չեն ու այս մարդիկ այն քաղաքացիներն են, որոնք եկել են Արցախից, նրանցից շատերի ծնողներն այդ ժամանակ Արցախում էին ու իրենք իրենց վրդովմունքն են հայտնել ու իշխանություններից պահանջել տեր կանգնել իրենց հայրենիքին»,- ասաց Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ աբսուրդն այն է, որ այդ մարդիկ շարունակում են անազատության մեջ մնալ, ու պատճառաբանությունն այն է, թե վերջիններս կարող են նորից հանցանք գործել։

«Հանցանքը դեռ ապացուցված չէ, այս ձևակերպումն արդեն ապօրինի է, բայց սա ցույց է տալիս հենց իշխանության իրական նպատակը, որ այս մարդիկ էլ ցույցերի չմասնակցեն»,- նշեց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ համակարգի  խնդիրների լուծումը քաղաքական փոփոխությունների մեջ է։ 
«Պետական որոշ  մարմիններ ունեն անթաքույց, անբռնազբոս լկտիություն իրավակարգի նկատմամբ»,- ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում