«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, պատերազմից հետո երկու տարի Նիկոլ Փաշինյանի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատած Էդմոն Մարուքյանը կարծում է, որ եթե մինչև 2026 թ․ ընտրությունները Նիկոլ Փաշինյանի դեմ չձևավորվի մի շատ ուժեղ բևեռ, ապա ՔՊ-ն նորից կվերարտադրվի։
«Իսկ եթե այնպիսի առողջ բևեռ ձևավորվի, այնպիսի առողջ մասնակցություն լինի, որ այլընտրանքը չլինի իրենց ասած էն «հողատուներ, թալանչիներ» թեզը, ապա 2026 թվականին մեր վարչապետի անունը չի լինի Նիկոլ Փաշինյան»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
-Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ այլընտրանքը, և ո՞ւմ շուրջ պետք է ձևավորբվի այդ բևեռը։
-Դեռ ժամանակ կա, օրինակ՝ Սամվել Կարապետյանի գործոնը բավականին մեծ փոփոխություն կարող է բերել ընդդիմադիր դաշտում։
-Իսկ Դուք ի՞նչ դերակատարում եք ունենալու այս ամենի մեջ, ու ինչպե՞ս եք դիրքավորվելու։
-Մենք դիրքավորված ենք, եթե նկատի ունեք՝ ինչպես ենք մասնակցելու, բոլոր ֆորմատներն էլ մեզ համար քննարկելի են։ Առանձին մասնակցելը կա ու կա, որևէ ընդդիմադիր ֆորմատով մասնակցելը կա ու կա, վերջին հաշվով՝ ժամանակին ամենահաջողված դաշինքի ճարտարապետներից ենք մենք, էդ փորձը ունենք և գիտենք՝ ոնց անենք։ «Ելք» դաշինքը Հայաստանի ընդդիմադիր պատմության մեջ եղել է հաջողակ դաշինք։
-Ու սկսվեց ամեն ինչ դրանից։
-Այո, ու սկսվեց ամեն ինչ դրանից։ Եթե նկատի ունեք Սերժ Սարգսյանին մերժելը, էդ արշավը, բան, այո, «Ելք» դաշինքում կար կոնսենսուս, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետում չպետք է առաջադրվի։
-Հիմա վերադառնանք թարմ իրականություն։ Դուք ունե՞ք բավական ռեսուրս, վստահություն հանրության շրջանում, որովհետև այս ընթացքում Դուք հասցրիք մտնել Նիկոլ Փաշինանի կառավարություն, ինչի համար Ձեզ շատ քննադատեցին, սարքեցին Ձեզ նիկոլական, ասացին՝ Մարուքյանը նորից փոխեց դիրքորոշումը, գույնը փոխեց, ճամբարը փոխեց և այլն, հիմա ի՞նչ եք կարծում, Ձեր հանդեպ վստահությունը վերականգնվե՞լ է։
-Էդ բոլոր ասողները մեր քաղաքական մրցակիցներն են, այսինքն՝ էն ուժերից են, որոնք որևէ ձևի չեն կարողանում տեղավորվել դաշտում, դա ժողովրդի հետ կապ չունի, ժողովրդին բացատրվել է, թե էն ժամանակ ինչ ենք արել, այսինքն՝ ամեն ժամանակ, ինչ մենք արել ենք, մանրամասն հիմնավորել ենք, էստեղ մտահոգություն բացարձակապես չունեմ։ Ինչ վերաբերում է մեր փորձին կառավարությանը ներգրավվածության իմաստով, ապա էդ փորձը չլիներ․․․ հիմա Հայաստանում միակ մարդը, որ կարողացել է բացատրել, թե ինչ է տեղի ունեցել, դա ես եմ եղել։ Մյուս բոլոր քաղաքական ուժերը ինձնից վերցրել և բազմապատկել են։
-Բայց Փաշինյանին կարծես չեք կարողացել բացատրել, թե՞ բացատրել եք՝ չի հասկացել։
-Իրեն էլ եմ բացատրել, բայց էստեղ սկզբունքային բան կա, որ եթե ինքը մի բան չի ուզում, որ էդպես լինի, չի ընդունում, եթե չի ընդունում, հրաժարական ես տալիս, պրոցեսը էդպես է։
-Հիմա, եթե 2026 թվականին ձեր քաղաքական ուժը միայնակ մասնակցի ընտրություններին, առնվազն անցողիկ շեմը կհաղթահարե՞ք, ըստ Ձեզ։
-Եթե որոշենք, որ մենք մեր ուժով առանձին մասնակցում ենք, կարծում եմ՝ կհաղթահարենք անցողիկ շեմը։ Բայց քանի որ մենք չենք ուզում գնանք էնտեղ 4-5 հոգով ընդդիմադիր մանդատներով նստենք, որովհետև մենք դա ունեցել ենք, մենք դրա 18 մանդատն ենք ունեցել և էդ մանդատները վայր ենք դրել։ Մենք ուզում ենք իշխանությանը փոխել։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետի պաշտոնին, դա բերելու է նրան, որ մենք գնալու ենք սահմանադրական հանրաքվեի, որը հղի է էս պետության համար ֆունդամենտալ վտանգավոր բաներով, որովհետև էդ սահմանադրական հանաքվեից խուսափելու միակ ճանապարհը իրեն փոխելն է, ուրիշ ճանապարհ չկա։ Եթե հանրաքվեն լինում է, Հայաստանի ժողովրդին, ոնց որ, տանես «պադստավկա» անես, այսինքն՝ ասես՝ եթե դուք դեմ եք քվեարկում, ուրեմն Ալիևը ձեր դեմ սկսելու է պատերազմ, եթե կողմ եք քվեարկում, ապա դուք ձեր ինքնությունը, ձեր երկիրը, ձեր ամեն ինչը փոխում եք։
-Հիմա Դուք Փաշինյանին փոխելու ճանապարհին պատրա՞ստ եք համագործակցել այս պահին քաղաքական դաշտում առկա դերակատարների հետ։
-Բնականաբար, ընդդիմադիր դաշտում հիմա էլ կան քննարկումներ, բայց դեռ չեմ կարող պատասխանել՝ ում հետ ինչ քննարկումներ են։ Ու ինձ ոչ թե առաջարկում են, այլ ես դրա նախաձեռնողներից եմ լինում, ինձ չեն կարա առաջարկեն։
-Օրինակ՝ վերջին անգամ ի՞նչ եք նախաձեռնել, ո՞ւմ հետ եք քննարկում ունեցել։
-Եթե մենք բան ենք քննարկում, որի վերաբերյալ համաձայնություն չկա, որ բացահայտենք, որևէ մեկի կողմից պատշաճ չի, որ դրա մասին խոսենք։ Մեր ծրագիրը հետևյալն է՝ ուժեղանալ և առանձին մասնակցության համար պատրաստ լինել։
-Բայց ձեր թիմից արտահոսք եղավ այս ընթացքում։
-Ներհոսք էլ է եղել։
-Վիճակագրություն ունե՞ք՝ քանի հոգի է գնացել, քանիսը՝ եկել։
-Վիճակագրությունով չի, դա որակով ա։
-Որակի առումով՝ այն երևացող դեմքերը, որ հայտնի էին, օրինակ՝ Անի Սամսոնյանը, դուրս եկավ՝ կարծես թե դժգոհելով ու քննադատելով Ձեզ։ Տարոն Սիմոնյանը պասիվացրել է իր շփումը կուսակցության հետ, թեև Ձեզ հետ անձնապես շփում ունի։
-Գիտե՞ք, կուսակցությունները մեռած օրգանիզմներ չեն, մարդիկ գալիս են, մարդիկ գնում են, իսկ Տարոն Սիմոնյանն իմ ընկերն է, հայտնի փաստաբան է, ինքը քաղաքական ուժի անդամ չի եղել երբեք։
-Մնացել եք Դուք ու Դավիթ Խաժակյանը։
-Չէ, շատ մարդիկ կան․․․ Հիմա էն ուժերի մասին, որ Դուք շատ բարձր կարծիքի եք, մի Դավիթ Խաժակյան էլ չունեն, դեռ Էդմոն Մարուքյան էլ չեմ ասում, էլի, այլ Դավիթ Խաժակյանի նման՝ չեմ ասում երկու, երեք, մի կադր էլ չունեն։
-Ես չեմ թերագնահատում ձեր կադրերին, այլ նկատի ունեմ՝ հանրության կողմից ընկալելի լինեն, ճանաչելի լինեն, իսկ ես որևէ քաղաքական ուժի մասին որևէ կարծիք չհայտնեցի։
-Մի՛ վախեցեք, լավ կլինի, էդ իմաստով բացարձակ չեմ մտածում, որովհետև թե՛ մեր քաղաքական դպրոցում, թե՛ կուսակցությունում բազմաթիվ մարդիկ էդ դարբնոցում աճել են, քաղաքական ճանապարհ են անցել, հա՝ եղել է, որ այլ ուժերի են միացել, եղել է, որ ուրիշ կուսակցություններ են հիմնադրել, այսինքն՝ էդ փորձը մենք ունենք, կադրերը խնդիր չեն։
Մանրամասները՝ տեսանյութում
Վահե Մակարյան