ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պակիստանն իսկապես արգելափակել է Հայաստանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) անդամակցելու դիմումը՝ վստահեցնելով, որ կազմակերպությունը կառուցողական մոտեցում է ցուցաբերել Երևանի դիմումի նկատմամբ։
ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք Պակիստանն իսկապես արգելափակել է Հայաստանի դիմումը Տյանցզինում այսօր կայացած ՇՀԿ գագաթնաժողովում, ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, մամուլի խոսնակը, մասնավորապես, ասել է. «Այս փուլում մենք չենք խորանա գործընթացի մանրամասների մեջ, բայց կարող ենք ասել, որ տեսնում ենք բավականին կառուցողական մոտեցում և փոխըմբռնում Հայաստանի անդամակցության վերաբերյալ»։
Բադալյանը հավելել է, որ այս փոխըմբռնումը հաշվի առնելով՝ Հայաստանը կշարունակի աշխատել ՇՀԿ շահագրգիռ անդամ պետությունների հետ՝ կազմակերպության հետ փոխշահավետ գործընկերությունը հետագայում զարգացնելու համար։