Ամեն անգամ, երբ մեզ թվում է, թե ՔՊ-ն հասել է քաղաքական անգրագիտության հատակը, նրանք անմիջապես ապացուցում են, որ մենք սխալվում ենք, որ այդ անդունդը պարզապես հատակ չունի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարեց, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն փոխանակվել տարածքներով, այդ հարցը անպայման կդրվի հանրաքվեի։ Սրանից մեծ նվեր Ալիևը նույնիսկ երազում չէր կարող պատկերացնել։
Ինչպես հայտնի է, հանրաքվեն հանդիսանում է ժողովրդի կամքի արտահայտման իրավական ամենաբարձր աստիճանը, ու քանի որ Նիկոլ Փաշինյանը հանկարծակի խոսել է Արծվաշենի վերադարձից, ապա ակնհայտ է, որ Ալիևը նրա առաջ պայման է դրել (կամ գուցե Փաշինյանն արդեն խոստացել է), որպեսզի իրենց տրվի այս փուլում առնվազն Տիգրանաշենը։ Պատկերացրեք նման մի իրավիճակ, որ Ալիևը որոշի ինքն էլ հանրաքվեի դնել տվյալ հարցը։
Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող բարոյահոգանական ներկայիս վիճակը, երկրի բարձրագույն իշխանության կողմից տարիներ շարունակվող քաղաքականությունը, ապա մեծ է հավանականությունը, որ այդ երկրում կարող է հանրաքվեով մերժվի՝ Արծվաշենի վերադարձը Հայաստանին։ Սա այն եզակի դեպքերից մեկն է, որ Ալիևը նույնիսկ հանրաքվեն կեղծելու կարիք չի ունենա։ Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները ցանկանան որևէ տարածք վերադարձնել։ Եկեք մի պահ մեզ պատկերացնենք իրենց տեղում։ Այսօր նրանք հաղթել են, իրենց թշնամի պետությունը՝ Հայաստանը, ունի մի վարչապետ, որը հլու-հնազանդ կատարում է Ալիևի ցանկությունները, իրենց պետությունն օր-օրի զինվում է ու ավելացնում ռազմական բյուջեն, իրենց զորքերը գտնվում են Հայաստանի տարածքում ու որևէ դիմադրության չեն հանդիպում, Արցախի մի մասը վերցրին պատերազմով, մյուսը՝ ստորագրությամբ, ստացան «Զանգեզուրի միջանցքը», իրենց ընկալումներով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը «արևմտյան Ադրբեջանն» է, հետևաբար ոչ թե պետք է տան Արծվաշենը, այլ մի բան էլ «վերադարձնեն» Երևանը։
Այլ է պատկերը Հայաստանում։ Հասարակության հոգեբանական վիճակը գտնվում է իր պատմական նվազագույններից հերթականում, իշխանությունները ոչնչացնում են պետության ու ժողովրդի ողնաշարը հանդիսացող ինստիտուտները, հարձակվում են բանակի, Հայ Առաքելական Եկեղեցու ու ազգային արժեքների վրա, հայ հանրությունից ձգտում են ստանալ երազանքներից ու իղձերից զուրկ սպառողական մի զանգված, ներառյալ Նիկոլ Փաշինյանը ձգտումը՝ որևէ կերպ չհակադրվել Ալիևին ու նախքան 2026 թվականի ընտրություններ՝ ստանալ «խաղաղության պայմանագիր» կոչեցյալը։ Կասկածից վեր է, որ նա գործի կդնի ողջ ֆինասնական ու վարչական ռեսուրսները, իրավապահ ու դատական համակարգերի ողջ ռեպրեսիվ զինանոցը, որպեսզի հանրաքվեի արդյունքները լինեն գոհացուցիչ։
Որքան էլ չարագուշակ թվա, բայց կարող ենք արդյունքում ունենալ հետևյալ պատկերը։ Հայաստանի քաղաքացիները կողմ լինեն Տիգրանաշենն Արծվաշենով փոխանակելուն, Ադրբեջանի հասարակությունը՝ ոչ։
Այստեղ առաջանալու է խիստ պայթյունավտանգ իրավիճակ, քանի որ առաջանալու է քաղաքական ճգնաժամ, որը պահանջելու է պարտադիր լուծում։ Կա՛մ այդ հարցը արդեն հերթական նախապայմանի տեսքով կկախվի Հայաստանի վզին, կա՛մ Ալիևը կդիմի պատերազմի, որպեսզի ուժով իրականացնի իր ժողովրդի «կամքը», կա՛մ Հայաստանը ստիպված կլինի հանձնել Տիգրանաշենը՝ առանց Արծվաշենը ստանալու։
Կարեն Կարապետյան
