Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Փաշինյանը «էշի վրայից ընկնողի» տպավորություն չթողնելու համար ընտրել է Եկեղեցին ներսից պառակտելու ուղին

Blog Image

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ «Մայր աթոռի ազատագրման գործընթացն ընթանում է ու անխուսափելիորեն մոտենալու է իր ավարտին»։ Անդրադառնալով Էջմիածնում սպասվելիք «հոգևոր հավաքին», որի մասին նա անոնսել էր դեռ ամիսներ առաջ, Փաշինյանը տվեց խուսափողական պատասխան։

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ այդ «հոգևոր հավաք» կոչեցյալը համենայնդեպս մոտ ապագայում տեղի չի էլ ունենա, քանի որ նախ՝ Վեհափառին հեռացնելու հարցում Փաշինյանն ինքն էլ գիտի, որ չունի հանրային լայն աջակցություն, բացի այդ, եթե նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառմամբ, պարտադրանքով ու շանտաժով կարողանան բազմամարդ հավաք կազմակերպել, միևնույնն է, այլն որևէ արդյունք չի տալու։ Այդ հավաքի միակ հնարավոր հետևանքը կարող է լինել բախումը, ինչը քաղաքականապես Նիկոլ Փաշինյանին գոնե այս փուլում ձեռնտու չէ։ Իհարկե, այդ բախմանը կհաջորդեն նոր ձերբակալություններ ու կալանավորումներ, բայց այս անգամ բախման հրահրողը կլինի հենց ինքը ու չի կարող որևէ մեկի վրա ո՛չ ահաբեկչության հոդված «կարել», ո՛չ զինված հեղարշրջման փորձի մեղադրանք «կպցնել», ո՛չ էլ ինքնիշխանության կորստի բարբաջանքը «գցել» հերթական կալանավորվածի գրպանը, գումարած դրան՝ ցանկացած բախում ունենում է երկու կողմ, ու եթե ձերբակալում են մի կողմին, ստիպված են ձերբակալել նաև յուրայիններին, քանի որ մարդը, որքան էլ ընդդիմադիր լինի, այնուամենայնիվ, չի կարող բախվել ինքն իր հետ։

Բայց քանի որ ինչպես ասում են՝ «էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու», ապա հիմա Փաշինյանը որպեսզի «էշի վրայից ընկնողի» տպավորություն չթողնի, ընտրել է Եկեղեցին ներսից պառակտելու ուղին։ Հենց այդ նպատակն են հետապնդում նրա կիրակնօրյա «պատարագներին» մասնակցելը։ Այդ պատարագների թիրախը ոչ թե հասարակությունն է, այլ հոգևորականությունը։ Հասարակությունը իր պահվածքով ցույց է տվել, որ համենայնդեպս այդ հարցում Փաշինյանի չի կարող իր վրա հույս դնել։ Եթե նա նույնիսկ որոշի ծնկաչոք էլ իր նստավայրից հասնել Խաչիկ գյուղ, միևնույնն է մարդիկ այդ սատանայագործությանը չեն մասնակցի, ուստի նրան մնում է միայն մեկուսացնել Վեհափառին, այն է՝ հավաքի իր շուրջ անհրաժեշտ թվով հոգևորականների, որոնք կհրաժարվեն ենթարկվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու այդպիսով վերջինս կմնա մենակ։ Այլ խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ձևավորել այլընտրանքային եկեղեցի, սակայն այդ գործում նույնպես նրան տապալում է սպասվում, առնվազն երկու պատճառով. եթե Վեհափառը մնա անսասան ու կամովին չհրաժարվի գահակալությունից, նրան փոխարինելու ոչ մի մեխանիզմ գոյություն չունի, եթե իհարկե իշխանությունները չընտրեն նրան ֆիզիկապես ոչնչացնելու տարբերակը, երկրորդը՝ նա ոչ թե Հայաստանի, այլ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, ու եթե տեսականորեն Նիկոլ Փաշինյանը սպառնալիքների, շանտաժների ու ճնշումների գնով կարողանա որոշակի թվով քահանաներ հավաքել իր շուրջը, ապա Սփյուռքի վրա ոչ մի ազդեցություն չունի։ Հայ Առաքելական Եկեղեցին նույնպես չի կարող բաժանել մասերի ու Հայաստանում գործող եկեղեցիները առանձնացնել ու դուրս բերել Վեհափառի վերահսկողությունից։ Նույնիսկ Վեհափառին կալանավորելու դեպքում նա շարունակելու է գահակալել ու ընդամենը բանտը, որտեղ նստած կլինի Գարեգին Բ-ն, կվերածվի Մայր Աթոռի։ 

Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ոտք է դրել մի ճանապարհի, որը փակուղի է իր իսկ համար ու Աստված չանի, որպեսզի ոմանք որպես միակ ելքը համարեն Խորեն Ա Մուրադբեկյան կաթողիկոսի ճակատագիրը։

Կարեն Կարապետյան

Send