Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի նվազեցման շուրջ․ մանրամասներ

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի նվազեցման շուրջ։
«Մեր երկարատև պատմության և փոխադարձ վստահության շնորհիվ մեզ հաջողվել է առաջին համաձայնությունը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ։ Դա ինձ համար մեծ պատիվ է», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նշել է, որ Լոնդոնը և Վաշինգտոնը «լիարժեք և համապարփակ համաձայնագիր են ստորագրելու»։
Reuters-ի տեղեկություններով` համաձայնագրի նախագծով ԱՄՆ-ն ու Միացյալ Թագավորությունը պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը։ Ամերիկյան կողմը համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի վրա սահմանված 25%-անոց մաքսատուրքը։ Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան մեքենաների ներկրման վրա սահմանված մաքսատուրքերը, նաև առցանց առևտրի վրա սահմանված հավելյալ հարկերը, որոնք նվազեցնում են ամերիկյան բարձրտեխնոլոգիական ընկերությունների՝ բրիտանական շուկայից ստացվող եկամուտները։