Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանին տատիներն են հուշել «իրական Հայաստան» գաղափարախոսությունն ու ձևավորել «խաղաղության օրակարգը»

Blog Image

Նիկոլ Փաշինյանն ունի գրեթե նախանձելի երևակայություն, նա կարողանում է գտնել այնպիսի թիրախներ ու ողջ պատասխանատվությունը բարդել նրանց վրա, որ որևէ մեկ այլ մարդու մտքով չէր անցնի։ Կառավարության վերջին նիստին նա հայտարարեց, որ «Խաղաղության օրակարգը» ու «իրական Հայաստան» գաղափարախոսությունը ծնվել է ժողովրդի, մասնավորապես տատիների կողմից։

Ըստ նրա՝ 2021 թվականին նրանք քարոզչություն էին իրականացնում այլ ծրագրով, սակայն բնակավայրերում հանդիպումների ժամանակ առաջին շարքերում կանգնած էին գերդաստանների տատիները, որոնց հետ զրույցում էլ փոխվեցին մոտեցումները։ Նման հայտարարությունը երկրի վարչապետի կողմից ոչ միայն քաղաքական նոնսենս է, այլև խեղկատակություն, ավելին՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ուղղակի խղճահարություն առաջացնել, եթե այսքան աղետներ բերած չլիներ։ Բոլորն են հիշում, որ 2021 թվականի նրա ծրագրում բացի այլ խոստումներից, կար նաև Արցախի խնդրին հայանպաստ լուծում տալու մասին դրույթ, խոսվում էր ԵԱՀԿ Միսնկի խմբի աշխատանքներից՝ որպես Արցախի հարցի միջազգային ճանաչման կարևորագույն հարթակ։

Ու այսպես Նիկոլ Փաշինյանը վճռական ուզում էր հետ բերել Արցախը, բայց երբ հանդիպեց տատիներին ու հարցրեց. «Մայրիկ ջան, ի՞նչ կուզեք՝ ձեզ համար անեմ», տատիներն էլ պատասխանեցին. «Բալա ջան, դու մեզ մենակ խաղաղություն բեր, էդ ԵԱՀԿ Միսնկի խումբը լուծարի թող գնա, դա մեզ պետք չի։ Արցախը մոռացի ու սրանից հետո մենակ Ղարաբաղ կասես։ Ալիևն ինչ ուզում ա, տուր, ինչ ունենք-չունենք զիջի, բանակը լուծարի, Սահմանադրությունը փոխի, Զանգեզուրի միջանցքն էլ հանձնի, մենակ խաղաղություն տուր, ջհանդամը լինի Արցախն էլ, Սյունիքն էլ, Գորիս-Կապան ճանապարհն էլ, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի հողերն էլ, Սև լիճն էլ, հա, մեկ էլ Ալիևը, որ Քյարքին ուզի, դա էլ տուր, գլխակեր ճանապարհ ա»։

Եվ այդպես Նիկոլ Փաշինյանի մոտ ծնվեց խաղաղության օրակարգը ու հենց ուզում էր գնալ, տատիներից մեկը ձայն տվեց. «Սպասի, բալա ջան, էն Ցեղասպանությունն էլ կուրանաս, մեր ազգային արժեքներն էլ, մեր պատմական հիշողությունն էլ կջնջես ու ընդհանրապես էդ պատմական Հայաստանը ռադ արա, թող գնա, մեզ իրական Հայաստան ա պետք»։ Ու այդպես տատիները ձևավորեցին «իրական Հայաստան» գաղափարախոսությունը, դե խեղճ Նիկոլն էլ ստիպված հրաժարվեց իր նախընտրական ծրագրից ու կատարեց տատիների պահանջը։

Աղետների պատասխանատվությունը բարդելը ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա ու նրանց մեղավոր հռչակելը գուցե տեղավորվում է քաղաքականության պայքարի տրամաբանության շրջանակներում, գուցե ազնիվ չէ, բայց քաղաքական է։ Վերջապես ընդդիմադիր ուժերն ունեն հակադարձելու, ապացուցելու ու պայքար մղելու հնարավորություն։ Բայց պատասխանատու դարձնել բնակչությանը, այն էլ տատիներին, արդեն ոչ միայն ազնիվ չէ, նույնիսկ անբարոյական է, եղկելի է, գարշելի։
Անբարոյականություն է ընտրել հանրության ամենաանպաշտպան շերտերին, որոնք ո՛չ կարող են, ո՛չ հնարավորություն ունեն, ո՛չ էլ հարթակ՝ հակադարձելու ու պատասխանելու և այդ ամենի հեղինակ հռչակել նրանց։

Վերջապես տատիները կարող են և շատ խորհուրդներ տալ։ Երբ ես գնում էի բանակ, իմ տատի միակ ուշքն ու միտքը իմ ողջ ու առողջ տուն վերադառնալն էր, թե ինչպես, դա նրան չէր հետաքրքրում, կարևորը միայն վերադառնայի։ Ու տալիս էր խորհուրդներ, որոնք տարեց կնոջ սիրտն է թելադրում՝ հանուն իր թոռան։ Ասում էր. «Բալա ջան, կռիվների մեջ չնկնես, մեկը մի թթու խոսք ասի, արհամարհի, ամեն մարդու ասածն իրեն է կպնելու։ Մեկն անմեղ տեղը խփի, ասա՝ անհարմար չե՞ս զգում ու շուռ արի, գնա»։ Ես էլ ասում էի. «Եղավ, տատ ջան», որովհետև այլ պատասխան չէր էլ կարող լինել։ Սակայն այլ բան է սոսկ պատասխանելը, այլ բան՝ տատիի ասածներին հետևելն ու գնալ անթասիբ ծառայելը։ Վերջապես, ըստ տատիների, մենք միշտ մրսում ենք ու միշտ սոված ենք, բայց դա չի նշանակում, որ ամռանը պետք է ման գանք վերարկուով ու անդադար ուտենք։

Իհարկե, միամտություն կլինի կարծելը, որ Նիկոլ Փաշինյանն իրոք լսեց տատիներին, բայց նրանց մեղավոր դարձնելը, էլի եմ ուզում շեշտել, աննախադեպ անբարոյականություն է։

Կարեն Կարապետյան

Send