Հացահատիկով բեռնված առաջին նավն ուկրաինական նավահանգստից կմեկնի Մոսկվայի ժամանակով 8:30-ին։ Այս մասին երկուշաբթի՝ օգոստոսի 1-ին, հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից:
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Սիերա Լեոնեի դրոշով Razoni նավը, որը բեռնված է եգիպտացորենով, կլքի Օդեսայի նավահանգիստը տեղական ժամանակով ժամը 08:30-ին (հավասարազոր է Մոսկվայի ժամանակին) և կմեկնի Լիբանան», – ասվում է նախարարության թվիթերյան էջում:
Հուլիսի 29-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայից հացահատիկի արտահանման կազմակերպման տեխնիկական աշխատանքների ավարտի մասին։
Մինչ այդ՝ հուլիսի 22-ին, Ստամբուլում հուշագիր էր ստորագրվել համաշխարհային շուկաներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման դյուրացման մասին։ Փաստաթղթերի փաթեթը, որը, ի թիվս այլ բաների, ներառում է ՄԱԿ-ի մասնակցությունն արտահանման սահմանափակումների վերացմանը, ստորագրել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Միաժամանակ ուկրաինական պատվիրակությունը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Դրա գործողության ժամկետը 120 օր է՝ երկարաձգման հնարավորությամբ։
Վերջին ամիսներին Ուկրաինայից հացահատիկի արտահանման թեման ակտիվորեն քննարկվում է աշխարհի պարենային շուկաներում վատթարացող իրավիճակի ֆոնին։
Հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ուկրաինական հացահատիկի արտահանմանը և որպես մատակարարման խափանման պատճառ նշել նավահանգիստների ականապատումն ուկրաինական կողմից: