Բելառուսը Հայաստանից կկանչի դեսպանին. երկրի ԱԳՆ

Բելառուսը չի պատրաստվում վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հայտարարել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անատոլի Գլազը։
Նրա խոսքով՝ բելառուսական կողմը տեսնում է, որ Հայաստանում ներքաղաքական կյանքում բարդ իրավիճակ է ստեղծվում, ինչը հանգեցնում է առճակատման սրման։
«Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ, բայց մենք չենք հասկանում, թե Բելառուսն ինչ կապ ունի դրա հետ»,- նշել է բելառուս դիվանագետը։
Անատոլի Գլազը հայտնել է, որ այսօր Բելառուսի արտգործնախարարություն է հրավիրվել Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը՝ իրավիճակը պարզաբանելու համար։
«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, մոտ ապագայում Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը Երևանից [Ալեքսանդր Կոնյուկ]»,- ասել է նա։
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «արտաքին թշնամու կերպարով ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից շեղելը անհեռատես որոշում է»։
Այնուհետև նա ընդգծել է, որ Մինսկին և Երևանին կապում են սերտ, բարեկամական հարաբերությունները և ընդհանուր պատմությունը, նաև փոխադարձ առևտուրն ու շահավետ գործարար շփումները։
Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ երկրի այլ պաշտոնյաներ չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։
ՔՊ-ական պաշտոնյան իր դիրքորոշումը բացատրել էր նրանով, որ «ՀԱՊԿ-ի ղեկավարներից մեկը հայտարարել է, որ մասնակցել է պատերազմի նախապատրաստմանը, սատարել, հավատացել և ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը»։
Լուկաշենկոն մայիսի 15-17-ը պետական այցով եղել էր Ադրբեջանում, որի ընթացքում եղել էր Լեռնային Ղարաբաղում։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ Մինսկը և Բաքուն «նույն պատկերացում ունեն աշխարհի և այն մասին, թե ուր է այն շարժվում», ինչպես նաև առաջարկել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին «աջակցություն Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնման գործում»։