Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, Ինչ է քննարկվել ՔՊ-ի փակ նիստում. Մամուլը՝ սուրճով

Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, Ինչ է քննարկվել ՔՊ-ի փակ նիստում. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Երեկ ՔՊ խմբակցությունը մեկուկես ժամանոց նիստ է արել՝ ԱԺ այսօրվա նիստից առաջ քննարկելու անելիքները, օրակարգում ընդգրկված նախագծերը։ Մեր տեղեկություններով՝ հատկապես խոսվել է ԵՄ դիտորդների համաձայնագրի մասին, որը ներկայացված է ԱԺ վավերացմանը: Հայկ Կոնջորյանը թիմակիցներին փոխանցել է, որ ընդդիմությունը ծանր է տանում այդ համաձայնագիրը, եւ ենթադրվում է, որ կոշտ ելույթներ են ունենալու, ուստի պետք է համարժեք պատասխաններ ունենալ։ Հանձնարարվել է նաեւ պատգամավորներին՝ ակտիվ հանդիպումներ սկսել արցախցիների հետ, լսել նրանց խնդիրների մասին եւ բարձրաձայնել՝ ցույց տալով, որ մտահոգված են արցախցիներով։

Ի դեպ, այդ համաձայնագրով եվրադիտորդներին անսահմանափակ իրավունքներ եւ լայն անձեռնմխելիություն է տրվելու` ընդհուպ նշվելու է, որ արգելվում է դիտորդներին ձերբակալել կամ կալանավորել: Նման անձեռնմխելիություն Հայաստանում անգամ երկրի ղեկավարներն ու պատգամավորները չունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով Ազգային ժողովի 2024 թվականի առաջին եռամսյակի գնումները՝ նկատում ենք, որ խորհրդարանը էլեկտրոնային աճուրդի գնման եղանակով ձեռք է բերել ՀՀ Ազգային ժողովի 2024 թվականի կարիքների համար օրացույցներ։ Ազգային ժողովը կնքել է 2 նմանատիպ պայմանագիր, որոնցից մեկը 3 մլն 239 հազար դրամ արժե, իսկ մյուսը՝ 1 մլն 626 հազար դրամ։

Ազգային ժողովն իր կարիքների համար շատ է նմանատիպ անհիմն գնումներ իրականացնում։ Պարզաբանենք՝ ինչպես։ 3 մլն 239 հազար դրամի ձեռք է բերվել աշխատանքային օրագիր եւ սեղանի օրացույց։ Ըստ պայմանագրի բնութագրի եւ պայմանագրի պահանջի՝ օրագրերը եւ օրացույցները պետք է լինեն ՀՀ ԱԺ լոգոյի տպագրությամբ կամ դաջվածքով: 

Յուրաքանչյուր էջի վերին հատվածի աջ եւ ձախ կողմերում պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝հայերեն-անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ ամիս, օր, շաբաթվա օրեր գրառումերը, էջերը պետք

է լինեն համարակալմամբ (էջի ներքեւի հատվածի մեջտեղում): Օրագրի 1-ին էջի վրա պետք է տպագրված լինի ՀՀ ԱԺ լոգոն՝ հայերեն, անգլերեն լեզուներով , եւ գրառումը, ինչպես նաեւ 2-րդ էջը պետք է լինի դատարկ՝ առանց տպագրության, 3-րդ էջի վրա հայերեն, անգլերեն լեզուներով պետք է տպագրված լինի՝ անձնական տվյալների լրացման դաշտ, 4-րդ էջում՝ 2024 թվականի օրացույցի, իսկ 5-րդ էջում՝ 2025 թվականի օրացույցի տպագրությամբ՝ նիստերի օրերին համապատասխան վանդակները մոխրագույն երանգավորված: Գնվել է 1200 օրագիր եւ օրացույց, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 2 799 դրամ եւ 2 199 դրամ։ Այս պայմանագիրը կնքվել էր «ԷԼ ԸՆԴ ԷՎ» ՍՊԸ-ի հետ, սակայն մեկ այլ պայմանագիր, որով կրկին օրացույցներ են գնվել, ձեռք է բերվել անհատ ձեռներեցից։

Նշված պայմանագրի արժեքը կազմել է 1 մլն 626 հազար դրամ, որը ծախսվել է 2024 թվականի համար նախատեսված եռափեղկ կամ եռամսյա օրացույց ձեռք բերելու համար։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 570 հատ, որի մեկ հատի արժեքը կազմել է 2 058 դրամ։ Նույն պայմանագրով ձեռք է բերվել նաեւ 2024 թվականի համար նախատեսված օրացույց՝ տնակաձեւ։ Նշված օրացույցից ձեռք է բերվել 500 հատ, որի արժեքը կազմել է 905 դրամ։

Ստացվում է, որ Ազգային ժողովը պատրաստ է եւ՛ ԱԺ բացօթյա սրճարանի համար գրեթե նույնքան վճարել, եւ՛ օրացույցների եւ օրագրերի համար, սակայն որն է տրամաբանությունը, պարզ չէ»»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել, որոնցից 45 հատից յուրաքանչյուրն արժե 114 հազար 540 դրամ, իսկ 44-ից յուրաքանչյուրը` 128 հազար դրամ։ Ժամացույցների համար ընդհանուր վճարվել է 10 մլն 786 հազար դրամ։ 

Նկարագրությունից տեղեկանում ենք, որ ժամացույցները որպես պարգեւ տալու համար են նախատեսված: Դրանք 925 հարգի արծաթից են, նաեւ բարձր հարգի ոսկով են պատված, մեխանիկական են, ապակին՝ շափյուղա, գոտին՝ բնական կաշի, իսկ վրան փորագրված է՝ «ՀՀ ՆԳ նախարարի կողմից»։ 

Նման նվեր-ժամացույցներ շնորհում է նաեւ ՀՀ վարչապետը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ Փարիզ տանի: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:

Մինչ մանրամասներին անդրադառնալը արձանագրենք, որ կոռուպցիան հետապնդում է Ալեն Սիմոնյանին: Նրա գործունեության շատ դրվագներում կան կոռուպցիայի դրսեւորման ցցուն օրինակներ, որպիսիք ինքը՝ Ալեն Սիմոնյանը, նախկինում քննադատում էր՝ համարելով անթույլատրելի:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։

Ուսումնասիրելով ԱԺ նախագահի կարգադրությունը՝ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, կարծես բոլորը Ազգային Ժողովի աշխատակիցներ են, որոնց մի մասի գործուղման ծախսերը հոգում է ՀՀ պետբյուջեն, մի մասն իրենց միջոցներով են մեկնել, սակայն շարքն ուսումնասիրելով՝ նկատեցինք, որ ցանկի վերջին տեղերում նշված է Էդգար Ավագյանի անունը, որը ներկայացված է Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի կրտսեր մասնագետ, իսկ կրտսեր մասնագետները գրեթե երբեք չեն մեկնում ԱԺ նախագահի հետ որեւէ երկիր։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերոնշյալ անձն Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրն է։ Այո՛, նույն Էդգար Ավագյանն է, որը Ծաղկաձոր քաղաքի «Պալլադա Ծաղկաձոր» բնակելի համալիրի սեփականատերերից է, «Ֆրինյուզ» հեռուստաընկերության սեփականատերը, որտեղ տնօրենն Ալեն Սիմոնյանի կինն է:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչություն, որտեղ պաշտոնապես հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները:

Պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի որդու քավորը՝ Էդգար Ավագյանը, իսկապես Ազգային ժողովում աշխատանքի է անցել 2021 նոյեմբերի 5-ին եւ այնտեղ աշխատել է գրեթե 3 ամիս՝ մինչեւ 2022 հունվարի 17-ը։

Ստացվում է, որ Ալեն Սիմոնյանը գտել է քավորի հետ իր ենթակայությամբ հեշտ ճանապարհորդելու եղանակը։ Տարօրինակն, իհարկե, նաեւ այն է, որ օլիգարխ ներկայացող Էդգար Ավագյանը համաձայնել է ԱԺ պատվիրակության կազմում Ֆրանսիա կամ այլ երկրներ մեկնել, որ ինքնաթիռի «տակից» հատուկ ավտոմեքենաներով դիմավորեն, տանեն բարձրակարգ հյուրանոց»:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպար և, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, «հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ»։ Սակայն «բնակիչների հետ» բառակապակցությունը, «Փաստ» թերթի տեղեկություններով, մեղմ ասած, չափազանցված է: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե այցելել է գյուղեր, շրջել ու զրուցել մարդկանց հետ, ինչպես սիրում էր անել ժամանակին, այլ ունեցել է դահլիճային փակ հանդիպում (նույնը՝ Կիրանցում), որին ներկա են եղել համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ, քպական ակտիվը ու ևս մի քանի «ընտրյալներ», որոնց ցանկը կազմվել է նախապես՝ մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո:

Այսինքն, իրական հանդիպում «բնակիչների հետ», որի ժամանակ մարդիկ իրենց կարծիքն ուղիղ կասեին Նիկոլ Փաշինյանին, չի եղել: Ավելին, մինչև վերջին պահը Նիկոլ Փաշինյանի այցը գաղտնի էր պահվում, իսկ լրատվամիջոցների հարցին կառավարությունից պատասխանում էին, թե «վարչապետի այցերի մասին մենք միշտ ժամանակին տեղեկացնում ենք»: Մեր ունեցած տեղեկություններով, բնակիչների անունից խոսել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա բավական կոշտ ելույթ է ունեցել, նշել է, որ ադրբեջանցիները Հայաստանից բավական տարածքներ են օկուպացրել, բայց դրանց մասին խոսք անգամ չկա, այնինչ խոսվում է Ադրբեջանի պահանջը կատարելու պատրաստակամության մասին՝ Տավուշի մարզի տարածքների հետ կապված:

Աղաբաբյանը, մեր տեղեկություններով, ասել է, որ այդ տարածքների հանձնումը նախ՝ անկլավ կդարձնի հենց Ոսկեպար ու Բաղանիս գյուղերը, երկրորդ՝ վտանգի տակ կդնի ռազմավարական նշանակության ճանապարհը, ինչի հետևանքով ոչ միայն խնդրահարույց կդառնա Վրաստանի հետ կապը այս հատվածում, այլև լրջորեն կվնասի հենց Նոյեմբերյանին, որտեղից մարդիկ պարզապես կհեռանան: Մեր զրուցակցի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը «շատ ուշադիր լսել է», հետո ինչոր անորոշ բաներ է խոսել, ի մասնավորի՝ «կուսումնասիրենք», «հանձնաժողով կստեղծենք» և այլն, վախեցրել է պատերազմով, ապա հեռացել է առանց կոնկրետ բան ասելու: Ընդ որում, մեր տեղեկություններով, նա ավելի շուտ է թողել-հեռացել, քան նախատեսվում էր, ավելին, ականատեսների խոսքերով, բավական այլայլված է եղել ու նեղված՝ նույնիսկ «ընտրովի» հանդիպման ժամանակ սառն ու անբարյացակամ վերաբերմունքից: