Մոտ 9 մլն դրամ՝ Հանոյ և Բուդապեշտ մեկնելու համար․ Ալեն Սիմոնյանի անիմաստ վոյաժներն ու անհասկանալի վախերը 

Մոտ 9 մլն դրամ՝ Հանոյ և Բուդապեշտ մեկնելու համար․ Ալեն Սիմոնյանի անիմաստ վոյաժներն ու անհասկանալի վախերը 

Ազգային ժողովի տխրահռչակ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ շատ է  սիրում բյուջեի հաշվին ճամփորդել՝ անունը դնելով, թե խորհրդարանական դիվանագիտությունն է զարգացնում, անցյալ ամիս միանգամից երկու երկիր է մեկնել գործուղման։

Նա և իր գլխավորած պատվիրակությունը նախ նոյեմբերի 14-15-ը մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ, իսկ նոյեմբերի 17-23-ն էլ լայն կազմով մեկնել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մայրաքաղաք Հանոյ, որտեղից նա երջանիկ ժպիտով տեսանյութեր էր հրապարակում սոցցանցի իր էջերում, թե ինչպես է վիետնամցիների հետ նավակ քշում և տարբեր զվարճանքների մասնակցում։

MediaHub-ը հարցում էր ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով տրամադրել Ալեն Սիմոնյանի գործուղման ծախսերը։ ԱԺ-ից, բնականաբար, մեր հարցմանը, ինչպես սովորաբար լինում է, կիսատ-պռատ, թերի պատասխան տվեցին՝ թաքնվելով ինչ-որ օրենքների հղումների հետևում։

Մասնավորապես, նշեցին, որ նոյեմբերի 14-15-ին Բուդապեշտ կատարած այցի համար որպես ճանապարհածախսի գումար պետբյուջեից ծախսվել է ընդհանուր 877 հազար 200 դրամ։

Իսկ նոյեմբերի 17-23-ին Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ Հանոյ կատարած գործուղման ճանապարհածախսի ընդհանուր գումարը կազմել է 7 մլն 881 հազար դրամ։

Այսինքն՝ երկու երկիրը միասին վերցրած, Ալեն Սիմոնյանի և իր գլխավորած պատվավիրակության անդամների ավիատոմսերի համար վճարվել է ընդհանուր 8 մլն 758 հազար 200 դրամ։

ԱԺ-ից նաև նշել են, որ ինչ վերաբերում է գիշերակացին, ապա պատվիրակության բոլոր անդամները գիշերել են միևնույն հյուրանոցում, և որևէ մեկի համար ավելի բարձր կարգի հյուրանոցային համար չի գնվել։ Օրապահիկի և գիշերակացի գումարներն էլ ԱԺ-ից չեն տրամադրել՝ հղում անելով կառավարության համապատասխան որոշմանը, որտեղ նշված է, թե որ երկիր և որ քաղաք գործուղման ծախսերը որքան են կազմում։ Նաև նշել են, որ թե՛ Հանոյ, թե՛ Բուդապեշտ կատարած գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումները հոգացել են հրավիրող կողմերը։ Այլ կերպ ասած՝ թռել են մեր հաշվին, գիշերել՝ իրենց հաշվին։

ԱԺ-ից նաև մի անհասկանալի տող են ավելացրել իրենց պատասխանում, այն է՝ «հաշվի առնելով Գնումների մասին օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը՝ հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահին վերաբերող տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։

Մենք փորձեցինք ԱԺ լրատվականից հասկանալ, թե մեր հայցած ո՞ր տեղեկատվությունն է, որ «Գնումների մասին» վերը նշված օրենքի տվյալ հոդվածի համաձայն՝ ԱԺ նախագահի պարագայում հրապարակման ենթակա չէ, կարծես թե՝ հրապարակել են ինչ կա, լրատվականից այդպես էլ չկարողացան բացատրել։ Ու չհասկացանք նաև, թե այդ ի՞նչ տեղեկատվություն ենք հայցել, որի հրապարակումը, այն էլ՝ գործուղումից վերադառնալուց հետո, Ալեն Սիմոնյանի անվտանգությանը կարող է սպառնալիք հանդիսանալ։

Տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանն ինչ-որ անհասկանալի վախեր ունի, մտածում է՝ իր կյանքին ամեն քայլափոխի վտանգ է սպառնում, ու անգամ Վիետնամից վերադառնալուց հետո վախենում է Վիետնամ մեկնելու և այնտեղ իր անցկացրած ժամանակի մասին անգամ աննշան ինֆորմացիա հրապարակել։ Թեպետ, նորից ենք շեշտում, ԱԺ լրատվականից չեն էլ պարզաբանել, թե իրենց հղում արած այդ հոդվածով մեր ո՞ր հարցի պատասխանն են մերժում տրամադրել։

Վահե Մակարյան