Տևական ժամանակ Աբովյան քաղաքի Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի վարչական տարածքում տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ:
Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ֆիքսել է, թե դպրոցի գլխավոր մուտքի դիմաց գտնվող մարզադաշտի մի հատված լցվել է կեղտաջրով, ինչի պատճառով էլ հոտն անգամ զգացվում է դասասենյակներում, երբ աշակերտները դասապրոցեսի են լինում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2 դիտահորերից ամիսներ շարունակ կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է գալիս և հոսում՝ լցվելով մարզադաշտ:
Հետաքրքիր է՝ արդյոք խնդրի մասին տեղյակ են Կրթության, գիտության, մշակույթի և սպրտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, «Վեոլիա ջուր» ընկերությունը, քանի որ նրանց պատասխանատվության տակ է այս գարշահոտությունը վերացնելու խնդիրը:
Մարզերում դպրոցները քաղաքապետարաններին չեն ենթարկվում, հակառակ դեպքում պատասխանատվություն քաղաքապետարանը չի կրում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցում սովորող երեխաների ծնողները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Միշտ հպարտացել ենք, որ մեր երեխաները սովորում են Արթուր Վանոյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում, որը ունի մեծ մարզադաշտ, սակայն ում է պետք դա, եթե այն իր նպատակին չի ծառայում:
Ով է տեսել՝ 21-րդ դարում ուսումնական հաստատությունում տիրի նման գարշահոտ ու հակասանիտարական վիճակ:
Ով է դրա պատասխանատուն՝ չգիտենք, երևի նրանց այդքան էլ չի հուզում, թե աշակերտները ինչ պայմաններում են ֆիզկուլտուրայի դասաժամը անցկացնում:
Ասում են՝ աբողջ աշխարհը ֆուտբոլը զարգացնում է, իսկ մեզ մոտ՝ Աբովյանի այս դպրոցում ֆուտբոլի դաշտը որպես այդպիսին, կարելի է ասել, չկա:
Մենք գիտենք, որ դա պիտի «Վեոլիա ջուր»-ը անի, բայց էնտեղից էլ ասում են՝ դա մեր գործը չի:
Հետաքրքիր է՝ բա ո՞ւմ դիմենք:
3 կառույց կա, 3-ն էլ ցուցաբերում են քար անտարբերություն»:
