Մհեր Ենոքյանին վաղաժամկետ ազատ կարձակե՞ն

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այս պահին ընթանում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով դատական նիստը: 

Այսօր քննվելու է նրան պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդությունը: 

Դատական նիստին ներկայացել է ինքը` Մհեր Ենոքյանը, նրա պաշտպանը` Զարուհի Մեժլումյանը, տուժողի` Ենոքյանի կողմից 1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի իրավահաջորդ Միխայիլ Աղաջանովի ներկայացուցիչ Մարգար Սողոմոնյանը, քանի որ Միխայիլ Աղաջանովը առողջական խնդիր ուներ, ինչպես նաև դատական նիստերի դահլիճում ներկա է սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան: 

Ցմահ դատապարտյալի պաշտպան Զարուհի Մեժլումյանը, ապա նաև ինքը` Մհեր Ենոքյանը չցանկացան, որ ուղիղ եթերով լուսաբանվի նիստը` նշելով, թե նիստի ընթացքում անձնական, ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ են հաղորդվելու, ինչը չեն ցանկանում լուսաբանվի: Արդյունքում դատավոր Մասիս Մելքոնյանը թույլատրեց տեսանկարահանել նիստը, բայց առանց ուղիղ հեռարձակման:

Նիստերի դահլիճում ներկա են նաև Մհեր Ենոքյանի կողմից հարազատներ: Մինչ դահլիճ մտնելը, MediaHub-ը հետաքրքրվեց նրանցից, թե արդյոք իրենք տուժողի՞ հարազատներից են, ինչին ի պատասխան` ասացին, թե այո, ապա նշեցին, որ իրենք Մհեր Ենոքյանի հարազատն են: Մեր դիտարկմանը, թե տուժողը սպանված Իոսիֆ Աղաջանովն է, ոչ թե ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, վերջինիս հարազատը, որ կարծես ներկայացավ նրա հորեղբայր, ասաց՝ դեռ հարց է` ով է տուժողը: Նրա կարծիքով` Մհեր Ենոքյանն է այստեղ տուժողը, որովհետև «նա չի կատարել հանցանքը, բայց պատասխան է տալիս»: Համենայնդեպս, Ենոքյանի հարազատների կցկտուր պատասխաններից այսպես հասկացվեց: 

Ի դեպ, ինչպես Ենոքյանի հարազատները, այնպես էլ նրա պաշտպանը զարմացել էին, թե ով է մեզ իրազեկել այս դատական նիստի մասին կամ ով է հրավիրել այս նիստին:

Դատախազն ասաց, որ ինքը կարծում է` դատապարտյալ Մհեր Ենոքյանը պատժից վաղաժամկետ ազատման ենթակա չէ, և նկատեց, որ դատապարտյալը իր գործած հանցանքը չի ընդունում և չի զղջում իր արարքի համար` համարելով, թե իրեն ապօրինի են դատել:

Հանրային մեղադրող Արայիկ Բրուտյանն էլ առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ ինքը կարծում է` դատապարտյալ Մհեր Ենոքյանը պատժից վաղաժամկետ ազատման ենթակա չէ, և նկատեց, որ դատապարտյալը իր գործած հանցանքը չի ընդունում և չի զղջում իր արարքի համար` համարելով, թե իրեն ապօրինի են դատել:

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ միջնորդությունը 2023 թվականի հունիսին մեկ անգամ արդեն իսկ մերժվել է դատարանում: Այն ժամանակ հանրային ճնշում կար, իսկ հիմա ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննվում է անհամեմատ հանդարտ և անաղմուկ պայմաններում:

Վահե Մակարյան