Քաղաքապետարանը տուգանել է Աժ աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանին մեքենայի կայանման գումարը չմուծելու համար

Քաղաքապետարանը տուգանել է Աժ աշխատակազմին՝ Ալեն Սիմոնյանին մեքենայի կայանման գումարը չմուծելու համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կամ, թող լինի հենց ինքը՝ բուն քաղաքապետարանը, որը ղեկավարում է, իհարկե, Տիգրան Ավինյանը, տուգանել է Ալեն Սիմոնյանի ղեկավարած Ազգային ժողովի աշխատակազմին՝ ԱԺ նախագահի մեքենան «կարմիր գծերում» կայանելու և կայանման վճարը չմուծելու համար։

MediaHub-ի այս տեղեկությունը հաստատել են հենց քաղաքապետարանից՝ մեր ուղարկած հարցմանն ի պատասխան։  Դեպքը տեղի է ունեցել ոչ հեռավոր անցյալում, երբ Ալեն Սիմոնյանին սպասարկող 001HH01 պետհամարանիշով BMW 750 մակնիշի մեքենան՝ իրեն ուղեկցող երկու մեքենաներով հանդերձ, կայանել է Երևանի կենտրոնում (եթե չենք սխալվում՝ Ամիրյան փողոցում), «կարմիր գծերի» մեջ, բայց ո՛չ Սիմոնյանը, ո՛չ նրա աշխատակազմը կայանման համար սահմանված գումարը չեն մուծել։ Երևանի քաղաքապետարանն էլ վարչական արձանագրություն է կազմել և ուղարկել ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով վճարել 5000 դրամ սահմանված տուգանքն ու նաև կատարել հետագա վճարումը։ 

Մենք տեղեկացանք, որ խորհրդարանից դիմել են Երևանի քաղաքապետին՝ խնդրելով բացառություն անել ԱԺ նախագահի մեքենայի համար, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանը մերժել է Սիմոնյանի անունից փոխանցված խնդրանքը։ Եւ, ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից մեզ ուղարկված պատասխանից, ԱԺ աշխատակազմը ոչ միայն վճարել է սահմանված տուգանքը, այլև կատարել է «կարմիր գծերում» կայանելու համար նախատեսված տարեկան 160 հազար դրամ վճարը, որ Ալեն Սիմոնյանը, կլոր տարին երբ, որքան ցանկանա, մայրաքաղաքի կենտրոնում կայանի՝ առանց Ավինյանին որևէ բան խնդրելու։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահին սպասարկող 001 HH 01 պետհամարանիշի մեքենան «Կարմիր գծերում» կայանելու համար չվճարման խնդիր ունեցել է, սակայն նույն մեքենայի համար ավելի ուշ վճարվել է տարեկան սահմանված վճարը՝ 160 հզ. ՀՀ դրամ»,- ասված է Երևանի քաղաքապետարանի ուղարկած պատասխանում։

Մենք հետաքրքրվել էինք նաև, թե ՀՀ ԱԺ աշխատակազմի հաշվեկշռում գրանցված քանի՞ մեքենայի համար է վճարվել «կարմիր գծերում» կայանելու համար սահմանված այդ տարեկան 160 հզ․ դրամ գումարը, սակայն քաղաքապետարանից այս հարցին չեն կարողացել պատասխանել․ «ՀՀ ԱԺ աշխատակազմին պատկանող և չվճարման համար ծանուցված մեքենաների թիվ նշել հնարավոր չէ, քանի որ ավտոմատացված բազայում, որպես այդպիսին, ֆիքսվում է խախտման փաստը, այլ ոչ այս կամ այն պետական կառույցի հաշվեկշռում լինելը: Նույն պատճառով հնարավոր չէ նշել, թե ՀՀ ԱԺ հաշվեկշռում գտնվող քանի մեքենայի համար է վճարվել 160 հզ. դրամ տարեկան վճարը»։

Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ «Երևանի ավագանու որոշմամբ ավտոկայանատեղիներում կայանելու և չվճարելու արտոնություն տրվում է էլեկտրական մեքենաներ վարող անձանց, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցներին»։

Այսինքն՝ Տիգրան Ավինյանի ղեկավարած կառույցից հասկացրել են, որ Ալեն Սիմոնյանն իրենց համար արտոնյալ անձ չէ, որ նրան սպասարկող մեքենայի համար ինչ-որ բացառություններ արվեն, բայց եթե մի օր Ալեն Սիմոնյանը որոշի էլեկտրական մեքենայով երթևեկել կամ մտնել որևէ ուժային կառույց և դառնալ օպերատիվ ծառայող՝ իր օպերատիվ համարներով մեքենայով, ապա իր համար ևս ավտոմատ կերպով բացառություններ կարվեն՝ ելնելով Երևանի ավագանու վերոնշյալ որոշումից։ Իսկ մնացած դեպքերում, թեկուզ դա լինի ԱԺ նախագահին սպասարկող մեքենան, հատկապես եթե ԱԺ նախագահը հենց Ալեն Սիմոնյանն է, ապա առավելևս բացառություններ չեն արվի՝ հաշվի առնելով Ավինյանի և Սիմոնյանի միջև մշտական «շատ ջերմ» հարաբերությունները։

Վահե Մակարյան