ՀՀ-ում արհեստականորեն փակված է նաև դոլարի վաճառքը. դոլարի անկումը աղետալի հետևանքներ է բերելու․ Նաիրի Սարգսյան

ՀՀ-ում արհեստականորեն փակված է նաև դոլարի վաճառքը. դոլարի անկումը աղետալի հետևանքներ է բերելու․ Նաիրի Սարգսյան

ՀՀ-ում արհեստականորեն փակված է նաև դոլարի վաճառքը։ Դոլարի անկումը աղետալի հետևանքներ է բերելու։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ խոսելով ԱՄՆ դոլարի գնի անկման մասին։

Սարգսյանի խոսքով՝ անկման հիմքում արտաքին և ներքին հարաբերությունների օբեկտիվ և սուբյեկտիվ պատճառներն են։

«ԱՄՆ-ում ռեսուրսները թանկացել են և դոլարի արժեզրկում է եղել, բայց որպես կանոն, դոլարի արժեզրկումից դրամի փոփոխություն չի լինում, փոփոխություն լինում է ռուբլու հետ փոխհարաբերություններից։ Երբ այս տրամաբանությամբ ենք նայում՝ աննորմալ վիճակ է առաջանում․ 30 տարվա վիճակագրությունն այլ էր, այժմ՝ փոխվեց, սա որոշ չափով կարելի է հասկանալ»,-ասաց Սարգսյանը՝ մեկնաբանելով անկման արտաքին պատճառների մասին։

Ներքին ազդեցության մասով՝ Սարգսյանն ընդգծեց, որ ՌԴ-ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերն է, որին բաժին է հասնում Հայաստանի ապրանքաշրջանառության մոտ 1/3-րդ մասը և մենք սկսեցինք փոխհարաբերվել ռուբլիով և ոչ թե դոլարով, որը ըստ մասնագետի՝ ազդեց դոլարի պահանջարկի նվազման վրա։

«Հաջորդ օբեյկտիվ պատճառը՝ Չինաստանը նույնպես սկսեց որոշակի առևտրային գործընկերներից յուան պահանջել։ Առաջացան նաև խնդիրներ այն ժամանակ, երբ մենք ՀՀ-ում ունենում ենք դոլարի և եվրոյի մուտք, սակայն ելքերը բավականին սահմանափակված են, բայց այս իրավիճակում դոլարի կուրսը մինչև 410-ի հասցնելը օբյեկտիվ պատճառներով չէ, այստեղ հաստատ պետության մատը խառն է։ Թե՛ Կառավարության, թե ԿԲ-ի մասով հստակ չենք կարող ոչինչ ասել․ բայց կա դրամի արհեստական արժևորում։ Գուցե, սկզբում նպատակը եղել է դրամի արժևորմամբ՝ գնաճի վրա որոշակի ազդեցություն թողնել, բայց հաշվի առնելով, որ որևէ ազդեցություն չի թողնում գնաճի վրա՝ սա էլ ենք բացառում»,- մեկնաբանեց նա։

Ըստ Սարգսյանի՝ դրամի այսպիսի արժևորումով հայկական ապրանքն արդեն մրցունակ չէ, և եթե սրան գումարվի նաև Թուրքիայի հետ սահմանի բացումը, ապա վերջինիս խոսքով՝ այս քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի տնտեսության զարգացմանը և ՀՀ-ի տնտեսության տապալմանը։

Հարցին, թե ինչպես է կարգավորվելու այն քաղաքացիների խնդիրները, որոնք իրենց խնայողությունները դոլարով են պահել, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․

«Ոչ մի տարբերակ չկա, քաղաքացիների մի մասը շատ արագ պետք է դոլարը փոխարկեր դրամի, բայց միևնույն է, տուժելու են»։

Լիաննա Թորոսյան