Ալիևն իր օրակարգն առաջ տարավ, իսկ Փաշինյանն անգամ պատրաստ չէր այդ հանդիպմանը․ Հայրապետյան

Տպավորություն էր, որ Փաշինյանն անգամ չի էլ պատրաստվել այդ հանդիպմանը։ MediaHub.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։
«Այն, որ Ալիևը ծանոթ չէ Փաշինյանի թիմի նախընտրական ծրագրին, նորմալ է․ Ադրբեջանի ղեկավարն ասում է՝ ՀՀ քաղաքացին հաշտ է Արցախի շուրջ տեղի ունեցողի հետ, քանի որ այդ ամենն անում է նրա կողմից ընտրված Փաշինյանը, բայց նույն Ալիևը չգիտի, որ Փաշինյանի իշխանությունը խոստանում էր պահպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- նշեց Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանին ՀՀ քաղաքացին քվե է տվել՝ հաշվի առնելով նաև խոստումը, թե ընտրվելու դեպքում ՔՊ-ն պայքարելու է անգամ Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի համար։
«Ինքը խախտել է իր խոստումը, դրա համար էլ Ալիևն իրեն թույլ է տալիս ցանկացած հայտարարություն անել»,- նկատեց նա։
Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ թշնամին փորձում է հոգեբանորեն կոտրել հայ ժողովրդին, ուզում է, որ որևէ մեկը պայքարի, դիմադրության ոգի ու կամք չունենա, և դա է պատճառը, որ Ալիևն իր պահանջն ավելի բարձր ամբիոնից հնչեցրեց այս անգամ․ այն է՝ «ՌԴ քաղաքացի» Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա Արցախից։
«Սա հնչած մեսիջներից մեկն էր։ Բայց այլ պահանջներ ևս ներկայացրեց Ալիևը, նոր օրակարգ ու խնդիր ստեղծեց, իսկ Փաշինյանը որևէ կերպ չկարողացավ հակադարձել այդ ամենին։ Հիմա Լաչինում անցակետ տեղակայելու մասին է խոսում Ալիևը, ու դա անում է ԱՄՆ ներկայացուցչի մոտ, թեև Լաչինում ռուսական կողմն է կանգնած»,- նշեց Հայրապետյանը։
Ըստ նրա՝ այս կերպ Ալիևը փորձում է բանակցային բոլոր հարթակներն իր օգտին ծառայեցնել։
«Ռուսների մոտ գնում ԱՄՆ-ից է բողոքում, եվրոպական ու ամերիկյան հարթակներում՝ ռուսներից։ Ու ամեն անգամ իր ուզած օրակարգն առաջ է բերում թշնամին։ Մենք էլ արդեն ստեղծված օրակարգին ենք հակադարձում։ Բայց ինքներս պետք է հասկանանք՝ ինչ օրակարգ կարող ենք առաջ քաշել ու Ադրբեջանի համար խնդիր առաջացնել»,- ասաց ադրբեջանագետը։
Տաթևիկ Հայրապետյանը շեշտեց՝ երբ Փաշինյանը հասկանա, որ մենք պիտի դառնանք օրակարգ ստեղծող, որևէ կերպ սայլը կարող է տեղից շարժվել։ Բացի այդ, ադրբեջանագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը նաև մանիպուլացնում է միջազգային հանրությանը՝ համեմատական անցկացնելով Լաչինի միջանցքի ու իր երազած «Զանգեզուրի միջանցքի» միջև, իսկ Փաշինյանն անգամ դրան չի արձագանքում։
«Այստեղ յուրահատուկ խորամանկություն կա․ ինքն ասում է՝ պետք է տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ԼՂՀ հարցից, բայց հիմա Լաչինի միջանցքը, որ կապված է Արցախի հետ, բերել ու հավասարեցնում է ՀՀ սուվերեն տածածքով իր երազած միջանցքի հետ»,- ասաց Հայրապետյանն ու հավելեց՝ գոնե սրան պետք է արձագանք լիներ։
Նարե Գնունի