ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք քննարկելու են Լեռնային Ղարաբաղում անվտանգության հետ կապված հարցեր:

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրները շատ են, համաձայն եմ Ձեզ հետ։ Մենք անընդհատ կապի մեջ ենք, ամեն շաբաթ կամ 10 օրը մեկ խոսում ենք հեռախոսով։ Իսկ հանդիպումները պարբերական են՝ չնայած համավարակին։ Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Փաշինյանի այցը նվիրված է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ «Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում բավական ամուր հիմքի վրա. մենք նախորդ տարիներին մեր իրավական հարաբերությունների հիման վրա 200 փաստաթուղթ ենք ստորագրել, և դա լավ հնարավորություն է ստեղծում գրեթե բոլոր ուղղություններով աշխատելու համար։

Առաջատարներից մեկը, իհարկե, տնտեսությունն է։ 2021թ․ մեր աճը, ըստ վիճակագրության, կազմել է 12,8 տոկոս։ Իսկ այս տարվա առաջին ամիսներին՝ գումարած ևս 50 տոկոս։ Սա շատ լավ ցուցանիշ է հատկապես մեր ժամանակներում»։