Խարդախությունների թիվը շարունակում է աճել։ Գաղտնիք չէ, որ զեղծարարները մշտապես փորձել են խաբեության միջոցով գումարներ շորթել քաղաքացիներից` ներկայանալով որևէ կազմակերպության կամ բանկի աշխատակից։
Այս անգամ թիրախում է հայտնվել Ինեկոբանկը։ Mediahub-ին ահազանգած քաղաքացին պատմում է, որ իրեն զանգել են, ներկայացել, որպես բանկի աշխատակից և ասել՝ ձեր անունով վարկ է ձևակերպված, ասեք ձեր տվյալները փորձենք կախենք գործընթացը, այնինչ այս ճանապարով զեղծարարները փորձում են կորզել քաղաքացիների տվյալները և հենց իրենք վարկ ձևակերպեն։
Երբ մեզ դիմած քաղաքացին ասել է, որ կգա բանկ, տեղում կհասկանա խնդիրը, միանգամից անջատել են հեռախոսազանգը։
Այս ամենի վերաբերյալ Mediahub-ը գրավոր հարցում էր ուղարկել բանկին՝
· 2025 թվականի ընթացքում քանի՞ զեղծարարության դեպք է գրանցվել Ինեկոբանկում;
· Ի՞նչ եղանակով է կատարվել խաբեությունը;
· Բանկի քանի՞ հաճախորդ է տուժել զեղծարարների գործողություններից և ընդհանուր ի՞նչ գումարի
չափով;
· Քանի դեպք ունեք, որ հնարավոր է եղել բացահայտել և վերադարձնել գումարը հաճախորդներին;
· Ինչպե՞ս խուսափել նմանատիպ խնդիրներից։
Հարցմանն ի պատասխան գրել էին, որ 2025թ․-ի ընթացքում գրանցվել են զեղծարարության հազարավոր փորձեր։
«Հարկ ենք համարում նշել, որ խաբեության գերակշռող դեպքերը տեղի են ունենում սոցիալական ինժեներիայի միջոցով՝ զեղծարարները չարաշահելով հաճախորդների վստահությունը, վերջիններից կորզում են գաղտնի տեղեկատվություն` ներառյալ օնլայն/մոբայլ համակարգերի մուտքանուններ, գաղտնաբառեր, մեկանգամյա հաստատման կոդեր, և դրանց կիրառմամբ հափշտակում են վերջիններիս հաշիվներին առկա միջոցները, նաև՝ ձևակերպում վարկեր և յուրացնում այդ միջոցները»։
Փաստաթղթում շեշտվում է, որ չնայած էական կանխարգելիչ լուծումներին, նույնիսկ ամենակատարյալ միջոցները չեն երաշխավորում զեղծարարության դեպքերից լիակատար պաշտպանվածություն, ուստի բանկը առաջնահերթ կարևորություն է տալիս հաճախորդների ֆինանսական գրագիտության ու զգոնության բարձրացման միջոցառումներին»,- նշվում է փաստաթղթում։
Էմմա Մարտիրոսյան