Վստահ եմ, որ իշխանությունը ձեռքերը ծալած նայելու է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ է անելու․ պետք է համապատասխան արձագանք տանք Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին․ Գառնիկ Դավթյան

Վստահ եմ, որ իշխանությունը ձեռքերը ծալած նայելու է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ է անելու․ պետք է համապատասխան արձագանք տանք Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին․ Գառնիկ Դավթյան

Հայաստանը պետք է համապատասխան արձագանք տա Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներին, բայց ավելի քան վստահ եմ, որ իշխանությունը ձեռքերը ծալած նայելու է, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ է անելու և արդեն առաջ կգան այն «ահեղ» թեզերը, թե հայերը ջարդել-փշրել են ադրբեջանական մշակույթը և կփորձեն հայերի անունը վարկաբեկել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցի գիտնականներ և հասարակության ներկայացուցիչներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կապված Երևանում այսպես կոչված «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամասում «ադրբեջանական ազգային, մշակութային և պատմական ժառանգության» դեմ «Հայաստանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության» գործընթացի հետ:

Գառնիկ Դավթյանի խոսքով՝ սա Ադրբեջանի պահանջատիրական հենքի փոքր մասն է և նպատակն այն է, որ հնարավորինս լեգիտիմություն ստեղծի, թե Երևանը և ՀՀ շատ այլ տարածքներ ադրբեջանական են։

«Որպեսզի այս թեզերը տարածելի և ընկալելի լինեն միջազգային հանրությանը՝ պետք է դրա համար հող նախապատրաստել, որն էլ անում են նմանատիպ քարոզչությամբ։ Նույն թաղամասում նաև պարսիկներ են ապրել, այնպես չէ, որ այդտեղ միայն ադրբեջանցիներ են ապրել և ադրբեջանական թաղամաս է համարվել, այլ ազգեր ևս եղել են»,-ընդգծեց նա։

Ադրբեջանագետի խոսքով՝ նույն ձեռագիրն է, ինչը գործում էր Արցախի դեպքում։

«Վստահ եմ՝ տեսագրություններ ևս ունեն հավաքած, որպեսզի իբր ապացուցեն, թե օրինակ՝ այս կամ այն պատուհանի տեսքը համապատասխանում է ադրբեջանական մշակույթի պատուհանի տեսքին կամ վիտրաժները կնմանեցնեն»։

Ըստ փորձագետի՝ սա ՀՀ-ի վրա հավելյալ ճնշում է և բացի դա, նաև հետագա հավանական պատերազմների ժամանակ՝ տարածքների գրավելու համար հիմնավորումներ են հավաքագրում, որպեսզի լեգիտիմացնի իր ռազմական ներխուժումը ՀՀ տարածք։

«Հայկական կողմը ևս կարող է պահանջներ ներկայացնել և ասել, որ Բաքվի ջարդերի ժամանակ հայերը կորցրել են իրենց տները»։

Լիաննա Թորոսյան