Չավիի կարմիր քարտը, Մբապեի ռեկորդը․ ո՞ր թիմերը կհանդիպեն կիսաեզրափակիչում

Չավիի կարմիր քարտը, Մբապեի ռեկորդը․ ո՞ր թիմերը կհանդիպեն կիսաեզրափակիչում

Գիշերն ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի երկու հանդիպում։

2-ական խաղի արդյունքներով կիսաեզրափակիչ անցան Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենն» ու Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիա Դորտմունդը»։

Առաջին խաղի արդյունքներով այս ակումբները խաղում էին պարտվածի կարգավիճակով։ Այնուամենայնիվ, նրանց հաջողվեց անցնել հաջորդ փուլ։

«Պարկ դը Պրենսում» ՊՍԺ-ին կատալոնական ակումբը հաղթել էր 2-3 հաշվով։ Այս խաղում հաշիվը բացեցին տան տերերը. ինչպես առաջին խաղում աչքի ընկավ եզրային հարձակվող Ռաֆինյան (12')՝ Լամին Յամալի եզրային փոխանցումից հետո գրավելով դարպասը։ 29-րդ րոպեն շրջադարձային եղավ։ «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարմիր քարտ ստացավ սեփական տուգանային հրապարակի գծի մոտ վերջին հույսի խախտման համար, երբ չկարողացավ խաղի կանոններով «վնասազերծել» հարձակվող Բրադլի Բարկոլային։ Օգտվելով թվային առավելությունից՝ փարիզյան ակումբը հաջողեց հավասարեցնել հաշիվը։ 40'-ին աչքի ընկավ իսպանական ակումբի նախկին հարձակվող Ուսման Դեմբելեն՝ եզրային փոխանցումից հետո գրավելով դարպասը։ Հաշիվը 1-2 դարձրեց կիսապաշտպան Վիտինյան (54') բիլիարդային գեղեցիկ հարվածով։ 61-րդ րոպեին  փարիզցիները 11-մետրանոցի հնարավորություն ստացան, երբ եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն խախտեց կանոնները Դեմբելեի նկատմամբ։ Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդներից հարձակվող Կիլիան Մբապեն հաշիվը դարձրեց 1-3: Իսկ արդեն 89'-ին Ֆրանսիայի ավագը դրեց խաղի վերջակետը՝ «Բարսայի» տուգանային հրապարակում բոլորից շուտ կողմնորոշվելով հակագրոհից հետո։ Այսպիսով, փարիզյան ակումբը 6-4 ընդհանուր հաշվով մտավ կիսաեզրափակիչ։ Ի դեպ, խաղի ընթացքում կարմիր քարտ ստացավ նաև կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին՝ մրցավարի որոշումներից դժգոհելուց ու ՉԼ առարկաներից մեկին հարվածելուց հետո։ Դեմբելեն ճանաչվեց հանդիպման խաղացող։ Մբապեն այս մրցաշրջանի 42 խաղում խփել է 41 գոլ: Նա առաջ է անցել Հարի Քեյնից, ով Մյունխենի «Բավարիայի» կազմում 39 գոլ ունի: Բացի իր 41 գոլից, Մբապեն ունի 9 գոլային փոխանցում: Նա այժմ առաջին խաղացողն է, ով մասնակցություն է ունեցել 50 գոլերում՝ Եվրոպայի «Մեծ հնգյակի» լիգաների մակարդակով։

Գերմանական «Սիգնալ Իդունա Պարկում» գերթեժ հանդիպում տեղի ունեցավ։ Գերմանիայի փոխչեմպիոն «Բորուսիային» հաջողվեց լարված պայքարում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել։ Հանդիպման հաշիվը բացեց «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը (34')։ 39'-ին եզրային Յան Մաատսենը հաշիվը դարձրեց 2-0: Անկյունայինի խաղարկման ժամանակ գերմանական ակումբի վետերան պաշտպան Մատս Հումելսը (49') պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ Մադրիդի Ատլետիկոյի կիսապաշտպան Անխել Կորեան, ինչպես առաջին հանդիպմանը, այս անգամ էլ աչքի ընկավ (64')՝ հավասարեցնելով հաշիվը։ Թեժ խաղում «Մեղուներին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մադրիդյան ակումբի դարպասը։ Բարձրահասակ հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգը (71') եզրային փոխանցումից հետո գլխի հարվածով գրավեց Յան Օբլակի դարպասը։ Խաղի վերջակետը դրեց բոլոր դիրքերի խաղացող Մարսել Սաբիցերը (74')։ Դորտմունդի «Բորուսիան» ընդհանուր 5-4 հաշվով անցավ հաջորդ փուլ։ Կիսապաշտպան Յուլիան Բրանդտը ճանաչվեց հանդիպման խաղացող։

Եվ այսպես երկու ակումբները դարձան «Ռեմոնտադայի» հեղինակ ու կհանդիպեն կիսաեզրափակիչում։ Այս ակումբները միմյանց ուժերը չափել էին դեռևս խմբային փուլում, որի ժամանակ ուժեղ էր եղել ՊՍԺ-ն։