Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցը ենթարկվել է հրթիռային հարձակման

Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցը ենթարկվել է հրթիռային հարձակման

Ռուս զինվորականները կրկին զանգվածային հրթիռային հարված են հասցրել Ուկրաինային, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Տարբեր քաղաքներ՝ Կիև, Դնեպր, Կրիվոյ Ռոգ, Սլավյանսկ, Կրամատորսկ։ Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ և մանկական հիվանդանոց»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Ուկրաինական լրատվամիջոցները մանրամասնում են, որ հրթիռը հարվածել է Ուկրաինայի ամենամեծ մանկական հիվանդանոցի՝ Օխմատդիտի շենքերից մեկին, որտեղ երեխաները դիալիզ են ստացել։ Վնասվել են նաև վերակենդանացման բաժանմունքը, վիրահատարանը և ուռուցքաբանական բաժանմունքները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարար Վիկտոր Լյաշկոն։

Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է վիրավորվել հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով, հինգ մարդ մահացել է: Փլատակները մաքրվում են, որում ներգրավված են հիվանդանոցի բժիշկներն ու տեղի բնակիչները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ։

Օխմատդիտի հիվանդներին սկսել են տեղափոխել Կիևի այլ բժշկական հաստատություններ։  

Կիևում վնասվել է ոչ միայն մանկական հիվանդանոցը. քաղաքի Շևչենկո թաղամասում փլուզվել է նաև բնակելի շենքի մուտքը։

Նաև Կիևում ամբողջությամբ ավերվել կամ վնասվել են երեք տրանսֆորմատորային ենթակայաններ։ Քաղաքում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կարող են լինել, նշում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ վերջին տվյալներով՝ երկրի տարբեր քաղաքներում մահացել է 28, վիրավորվել՝ 112 մարդ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է իր առնչությունը հարվածներին։ Ռուսական գերատեսչությունը պնդում է, որ ռուսական բանակը «գերճշգրիտ զենքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտներին և Ուկրաինայի Զինված ուժերի ավիացիոն բազաներին»։ 

Տեսանյութը՝ այստեղ