Պատմության այս օրը․ Առաջին հայկական գեղարվեստական ֆիլմի՝ Նամուսի պրեմիերան

Պատմության այս օրը․  Առաջին հայկական գեղարվեստական ֆիլմի՝ Նամուսի պրեմիերան

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունը։  1925 թվականին կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը ստեղծում է առաջին հայկական գեղարվեստական ֆիլմը՝ «Նամուսը», որը կոչած էր ստեղծելու կինոյի նոր ազգային դպրոց։ 

1926 թվականի հոկտեմբերի 3-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին կինոնկարի՝ Նամուսի պրեմիերան։

1917 թ. հեղափոխությունից հետո կինոբեմադրիչ Համո Բեկնազարյանը վերադառնում է Հայաստան` ցանկանալով կինոարտադրություն հիմնել: 

Հայաստանից երկար սպասված հրավերը վերջապես ստանալով, կինոբեմադրիչ Համո Բեկնազարյանը, <<էկզոտիկ>> Նաթելայի ստեղծմանը գրեթե զուգընթաց, նկարահանում է մի ֆիլմ, որտեղ թերևս առաջին անգամ, ինչպես գրել է այն տարիների քննադատությունը, արևելքը ներկայացված է <<առանց արդուզարդի>>:

Խոսքը հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի` <<Նամուսի>> մասին է: Բեկնազարյանն իր անդրանիկ հայկական ֆիլմի սցենարը գրել է մի քանի օրում: Իր հուշերում ռեժիսորը պատմում է, որ դեռ սցենարը չգրած` ֆիլմը տեսնում էր այնպես, ինչպես որ հետո նկարեց. <<Կարդալով Շիրվանզադեի վեպը` ես տեսնում էի իմ ապագա ֆիլմը… Ես տեսա ֆիլմն ավելի շուտ, քան դերասանները կկանգնեին կինոապարատի առջև>>:

Ֆիլմում խաղալու համար հրավիրվեցին հայ բեմի մեծ վարպետներ, թատրոնի անվանի դերասաններ (Հովհաննես Աբելյան, Օլգա Մայսուրյան, Ավետ Ավետիսյան, Հասմիկ, Նինա Մանուչարյան, Հրաչյա Ներսիսյան), սակայն գլխավոր՝ Սուսանի և Սեյրանի դերերը Բեկնազարյանը վստահեց ոչ պրոֆեսիոնալ երիտասարդների (Մարիա Շահուբաթյան, Սամվել Մկրտչյան): Ու չսխալվեց: Իր հետևում ունենալով համր կինոյում կերտած բազմաթիվ կերպարների փորձը՝ ռեժիսորը շատ լավ գիտեր, որ կինոն չի սիրում թատերական պայմանականություն: Ֆիլմի օպերատորն էր Սերգեյ Զաբոզլաևը:

Նամուսում առկա էին երկրաշարժ, ինքնամոռաց սեր, սիրահարների բաժանում արևելյան հին սովորույթի պատճառով, օդում թափահարվող դաշույն, ճակատագրական նշան՝ խալ կրծքի վրա, սպանություն խանդի պատճառով, ինքնասպանություն, այսինքն՝ այն բոլոր տարրերը, որ ֆիլմը կարող էին դարձնել հերթական <<արևելյան>> կինոնկար: Սակայն էկրանին հայտնվեց մարդկային գոյության ուրիշ մոդել՝ բոլորովին նոր, անծանոթ աշխարհ, որ բնավ հեքիաթանման չէր, այլ ցնցում էր հավաստիությամբ, ողբերգության քայլ առ քայլ պատճառաբանվածությամբ: Ասես ժապավենի վրա երևակվել էին ողբերգության արմատները: <<Նամուսը>>՝ արևելքցու պատվի զգացումը, դարձել էր հին հունական դրամայում հանդես եկող <<ֆատումի>>՝ Ճակատագրի էկրանային հոմանիշ:

Ադաթի՝ սովորույթի և տեղի բարքերի զոհը դարձած երկու սիրեցյալների ողբերգական սիրո պատմությունը խորապես ցնցեց ոչ միայն հայ հանդիսատեսին: Էկրան բարձրանալով Էյզենշտեյնի <<Պոտյոմկին զրահանավի>> հետ միևնույն տարում՝ 1925 թ.-ին, Նամուսն ունեցավ անսպասելի մեծ հաջողություն: Այդ օրերի քննադատներից մեկը ֆիլմի սյուժեն բնութագրեց որպես <<սովորույթի դեմոնստրացիա>>: Ինքը Բեկնազարյանն այն ժամանակ, խոսելով Հայաստանում կինոյի հիմնադրման անհրաժեշտության մասին, իր իսկ բառերով ասած՝ հենվում էր <<Հայաստանում օրիգինալ ֆոտոգենիկ կենցաղային նյութի առկայության վրա>>: