Գնացողները չեն վերադառնա, քանի դեռ ապահով չէ․ Սյունիքում անվտագային ճգնաժամ է

Գնացողները չեն վերադառնա, քանի դեռ ապահով չէ․ Սյունիքում անվտագային ճգնաժամ է

Սյունիքում օրեցօր «օղակը սեղմվում է»։ Սև լճի տարածքում ադրբեջանցիներն ավելացրել են ևս 2 դիրք և անցած աօրերին կրակել Խոզնավար և Խնածախ գյուղերի ուղղությամբ։ Խոզանավարցի մեր զրուցակիցը MediaHub-ին փոխանցեց, որ նախորդ օրերին և այս գիշեր կրակել են բոլոր հենակետերից, և ըստ էության ահաբեկել խաղաղ բնակիչներին։

«Գյուղի վերևի 2 դիրքը քիչ էր, հիմա նույն ժամին կրակել են նաև նոր դիրքերից։ Մեր պաշտպանության նախարարությունն արձագանքում է միայն այն դեպքերին, երբ  կա իրեղեն փաստ, մարդիկ նկարում ուղարկում են, հետո նոր բարեհաճում են գրում, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը»։

Մինչ այդ, չնայած սահմանամերձ գյուղերի բնակիչների ահազանգերին, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նրանց թվում նաև սյունեցի պատգամավորներ ու քաղաքական գործիչներ հերքել են թե կրակոցները գյուղերի ուղղությամբ չեն։

«Գյուղում նորմալ տանիք չի մնացել։ Շատ դեպքերում մենք չենք նկատում, որ դրանք կպել են մեր տներին, հետո ենք տեսնում։ Հիմնականում գիշերվա ժամերին երբ քնած ենք լինում, կպնում է մեր տներին, «զաբորներին»։ Չգիտեմ ո՞վ կամ ո՞վքեր են ասում կրակոցները թիրախային չեն, բայց իմ տունը նվիրում եմ էդ մարդկանց, թող իրանց էրեխեքի հետ գան մի գիշեր մնան, կհասկանան, որ ստեղ ապրելու տեղ չի»,- ասաց նա։

Երբեմնի ապահով Սյունիքի գյուղերում կյանքն այլևս առաջվանը չէ։ Խնածախում և Խոզնավարում բոլորը միաբերան նույն բանն են ասում՝ «Այստեղ երեխա պահելու տեղ չէ»։ Խնածախցի ուսուցչուհին MediaHub-ին փոխանցեց, որ գյուղը լքելու տրամադրությունները շատ են։ Նա վստահ է, որ ուսումնական տարվա ավարտից հետո շատերը կհեռանան։

«Գնացողները չեն վերադառնա, քանի դեռ այստեղ ապահով չէ։ Եթե տանիքներ են վնասվում, մի օր մարդու կկպնի։ Պարզ է չէ՞, որ ոչ մեկ չի ուզում այսպիսի «խաղաղ» պայմաններում հարազատ կորցնի։ Դրա համար նախընտրում են դուրս գալ»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Սյունիքի գյուղերում անվտանգային ճգնաժամ է։ Մարդիկ ամեն գիշեր ենթարկվում են ահաբեկության։ Գյուղացիների խոսքով՝ որևէ տեղից, անգամ ՀՀ ղեկավարությունը գործուն քայլեր չեն ձեռնարկվում, որ ապահովվի խաղաղ բնակչության անվտանգությունը, չոտնահարվի նրանց իրավունքները։

Հունան Թադևոսյան