Միակողմանի զիջումների պատմություն 

Միակողմանի զիջումների պատմություն 

«2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Բանակցությունները շարունակվում են կառուցողական հունով: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը»,- երեկ նման հաղորդագրություն է տարածել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

Այս մեկնաբանությունը, ըստ էության, փորձում է քողարկել այն փաստը, որ խախտվել է Գրիգորյան- Մուստաֆաև զույգի գլխավորած հանձնաժողովների սահմանած ժամանակացույցը: Այսինքն` երեկ հուլիսի 1-ն էր, բայց այդպես էլ չկա, գոյություն չունի երկու երկրների դելիմիտացիա/դեմարկացիայի հանձնաժողովների գործունեության կանոնակարգը:

Ավելին, երեկ Ալիևը հնչեցրել է Հայաստանին հասցեագրված նոր պահանջ:

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, առնվազն սկզբունքների շուրջ համաձայնությամբ, կարող է ամբողջացվել առաջիկա ամիսներին։ Խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմանը Հայաստանի սահմանադրության փոփոխությունն է»,- ասել է Իլհամ Ալիևը:

Տպավորություն է, որ Ալիևը Տավուշի հատվածում ստացավ իր ուզածը, հիմա չի շտապում սկսել դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց:

Սա այն դասական դեպքն է, երբ Ալիևը երկու անգամ Ալմա-Աթայի հռչակագիրը «վաճառում է» Հայաստանի վրա՝ առաջին անգամ կլանելով Արցախը, երկրորդ անգամ Տավուշի հատվածում Հայաստանին պարտադրելով միակողմանի զիջումներ:

Ու դրա դիմաց Հայաստանը ոչ միայն ոչինչ չի ստանում, այլ մեզ պարտադրվում են Սահմանադրության փոփոխություններ:

Վահրամ Բագրատյան