«Ուժ պետք է ունենաս, որ ադրբեջանցիների հետ գնաս որոնումների». Երեմի մարմինը գտել է հարազատ եղբայրը 

«Ուժ պետք է ունենաս, որ ադրբեջանցիների հետ գնաս որոնումների». Երեմի մարմինը գտել է հարազատ եղբայրը 

«Բառերով դժվար է նկարագրել այդ օրերի ցավն ու ցասումը, երբ պատերազմը հերթական անգամ թակեց՝ այս անգամ մեր շրջափակված հայրենիքի դուռը։ Մարտական սարսափազդու գործողություններ էին ամենուր։ Մեզ համար դժվար էր այն ընկալումը, որ դիրքերում գտնվող տղաներից լուր չունենք»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Ալինա Հայրապետյանը։ 

6 ամիս առաջ այս օրը նրա մորաքրոջ որդիները` Անդրեյը, Երեմն ու Դավիթը, ևս դիրքերում էին, կատաղի մարտերում։

«Եղբայրներս, բարեկամներս, համագյուղացիներս, բոլորը կրակի բերանում էին։ Մորաքրոջս տղաների հետ ենք մեծացել, Երեմը և՛ եղբայր էր, և՛ երեխայի պես էի ընդունում, քանի որ փոքրն էր։ Պատերազմից 3 օր առաջ երազ էի տեսել։ Ադրբեջանի նախագահը 3 խաչ ձեռքին գալիս է մեր տուն ու խաչակնքում երեխաներին։ Սեպտեմբերի 19-ին հենց դա հիշեցի, վախեցա։ Ի՞նչ կլինի մի քրոջ վիճակ, որի եղբայրները կռվում էին, երբ Արցախում մեծից փոքր օգնության, փրկության կարիք ունեին, բայց ես ոչնչով օգնել չեի կարողանում։ Ավելի վատ էր դիրքերի վիճակը։ Անընդհատ վատ լուրեր էին պտտվում, իսկ մենք անորոշությունից ու անզորությունից գլուխներս այս ու այն կողմ էինք տալիս»,- պատմում է նա։ 

Ցանկալի լուրը, որին Ալինան էր սպասում, այդպես էլ չեկավ։ Դիրքում, որտեղ Երեմն էր, նրա հետ էին նաև հայր ու որդի` Դավիթն ու Սամվելը, և ընկերը` Վանիկը. «Մեկ ասում էին՝ «վիրավոր են», մեկ՝ ամենաանցանկալին։ Իսկ մենք ողբում էինք»։ 

Մեր զրուցակցի խոսքով` եղբայրներից Դավիթը, որ վարորդ էր, Երեմից ու Չարեքտարի ուղղությունից լուր չուներ։ Հաջորդ օրն ավագ եղբոր հետ կապ հաստատել հաջողվում է, երբ Անդրեյը դիրքերից իջնում է Մարտակերտ։ Ասում է` «միմյանց ձայնը լսելուց հետո, միայն արտասվում էին»։ 

«Անդրեյն այդ պահին որոշեց, որ եթե անգամ պետական ոչ մի մարմին լուր չտա, ապա ինքն անձամբ է գնալու որոնումների, եթե դա իր կյանքի գնով լինի։ Նորից լուրեր տարածվեցին, որ դիրքերից տղաներ են իջել ողջ վիճակում, բայց ո՛չ տարածողին էինք գտնում, ո՛չ էլ ցանկալի հրաշքն էր կատարվում»,- ասում է Ալինան։ 

Երեմի ու ընկերների մասին օրերով հարազատները ոչ մի տեղեկություն չեն ստացել։

Հարազատներին Հայաստան ճանապարհելուց հետո, Անդրեյն ընդգրկվել է որոնողական աշխատանքներում։ Քույրն ասում է` «ուժ պետք է ունենաս, որ ադրբեջանցի զինծառայողների հետ դիրքեր բարձրանաս»։ Վերջապես սպասված օրը եկավ, ու Անդրեյը ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների հետ բարձրանում է այն վայրը, որտեղ կյանքի ու մահվան կռիվ է տվել Երեմն իր համագյուղացիների հետ։ 

«Դեռ դիրք չհասած իր հետ գնացած մարդիկ հրաժարվել են առաջ գնալ, տարբեր պատճառաբանություններով։ Հետո ասում էին` «այդտեղ ոչ ոք չկա, անգամ դիրք չկա»։ Հասկանում եմ, ճանապարհը վատ էր, դրան գումարած նախորդ օրը տեղացած անձրևը։ Բայց Անդրեյը համառեց։ Քիչ հետո, երբ եղբայրս բարձր գոռաց, բոլորը հասկացան, որ իզուր չէր, Անդրեյի սիրտը զգում էր, հետո նրան մոտենում է ռուս խաղաղապահներից մեկը»,- ասում է նա։

Դիրքերում կողք-կողքի հոր, որդու և Վանիկի մարմիններն էին։ Մինչ Անդրեյը կկողմնորոշվեր, թե որտեղ է Երեմը՝ մտածել է, որ գուցե հրաշք լինի ու նա ողջ կլինի, վիրավոր վիճակում, խաղապահն ասել է. «брат, здесь тоже труп есть»։ 

Անդրեյը պատմել է, որ այդ պահին մի անասելի զգացողություն է ունեցել։ Առաջ է գնացել, տեսել այն իրականությունը, ինչից հարազատները մեկ շաբաթ վախենում էին, Երեմի մարմինն էր։ 

«Մեծ դժվարությամբ այդ 4 դիերն իջեցնում են դիրքերից։ Ճանապարհին Անդրեյը նկատել է հայկական բանակի զինվորական համազգեստով ևս մեկ մարմին, անտառում։ Կասկածել է, խնդրել է ուղեկցողներին, որ կանգնեցնեն մեքենան։ Մոտեցել ու տեսել է ևս մեկ զինծառայողի դի։ Ասել է` «ծնողների աչքը ճամփին կլինի», ու իջեցրել է իր հետ։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ տղան Հաթերքից 19-ամյա Նվերն է»։ 

Երեմ Բաղրամյանը 32 տարեկան էր։ Կնոջ` Լուսինեի հետ երջանիկ էին իրենց 3 զավակներով։ Հիմա և՛ կինը, և՛ մայրը` տիկին Սիլվան, ինչպես նաև եղբայրներն ու հարազատները, Երեմի կարոտն առնում են զավակներից ու Եռաբլուրում հավերժացած երիտասարդ զինծառայողի շիրմաքարից, որ կռվեց մինչև վերջին փամփուշտը, անմահացավ հերոսի մահով։

Հունան Թադևոսյան