Շարունակում եմ աշխատել․ ի՞նչ հարաբերություններ ունի նախարարի հետ Դավիթ Ղուլյանը

Այսօր 168.am լրատվական կայքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կադրային քաղաքականության մասին մի հոդված է հրապարակվել, որտեղ նշված է, որ Սրբուհի Գալյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ցանկացել է ազատվել նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանից:
Ըստ հրապարակման՝ Գալյանը ցանկացել է աշխատանքից ազատել նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանին՝ պատճառաբանելով, թե իրենց հետագա համատեղ աշխատանքը չի պատկերացնում: Սակայն Դավիթ Ղուլյանը պատասխանել է Գալյանին, որ եթե նախարարը չի պատկերացնում իրենց հետագա աշխատանքը, ապա թող հենց նախարարն էլ ազատման դիմում գրի:
MediaHub-ը փորձեց ճշտել Ղուլյանից՝ Գալյանը ինչո՞ւ է ցանկացել ազատվել իրենից, և ճի՞շտ է, որ ինքը նախարարին այդպիսի պատասխան է տվել։ Վերջինս, սակայն, հերքեց, թե նման բան եղել է:
-Այսինքն՝ չի՞ ցանկացել ազատվել Ձեզնից նախարարը կամ չի՞ առաջարկել դիմում գրել, հեռանալ, Դուք էլ ասեք՝ «թող նախարարն ինքը դիմում գրի, գնա»։
-Ոչ։ Ես պետական համակարգը շատ լավ եմ պատկերացնում, մոտ չի կարող լինել իրականությանը Ձեր տված հարցը կամ այդ նյութը։
-Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք նախարարի հետ։
-Նախարարի հետ հարաբերություններն ըստ վերադասության են և աշխատանքային։ Նորմալ, աշխատանքային հարաբերություններով աշխատում ենք։
-Ու շարունակելո՞ւ եք աշխատել։
-Շարունակում եմ աշխատել, այո։
-Ի դեպ, Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ի ֆինանսավորման հարցն այս տարվա համար լուծվե՞լ է, քանզի հիշում եմ՝ նախորդ տարի մի քանի ամիս ֆինանսավորման խնդիր եք ունեցել։
-Այո, լուծված է, խնդիր չունենք։ Գումարը փոխանցված է, աշխատանքներն իրականացվում են։ Մենք կատարողականի հիման վրա ենք աշխատում՝ եռամսյակը հաշվետվություն է ներկայացվում և, ըստ այդմ, ֆինանսավորումն իրականացվում է։
Վահե Մակարյան