Ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկված դիզայներն ազատ է արձակվել

Ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկված դիզայներն ազատ  է արձակվել

Հրապարակը գրում է․

Դեկտեմբերի 30-ին վերաքննիչ դատարանը բեկանել է նկարիչ, դիզայներ էդուարդ Վանեսքեհյանի կալանքի որոշումը և ազատ արձակել կալանքից: 

Հիշեցնենք, որ դիզայներ Էդուարդ Վանեսքեհյանին ոստիկանները իր տան մոտից, երեք երեխաների աչքի առջեւ ձեռնաշղթաներ էին հագցրել եւ տարել Արաբկիրի ոստիկանական բաժանմունք, որտեղ այնքան էին ծեծել, որ ստացել էր զույգ թմբկաթաղանթների պատռվածք, ուղեղի ցնցում, գլխի հատվածում բազմաթիվ վնասվածքներ։ Ընդամենը մեկ ժամ հետո ոստիկանական բաժանմունք հասած փաստաբանը Վանեսքեհյանին հայտնաբերել էր այդ վիճակում և նույն օրը երեկոյան Երևանի ոստիկանական վարչություն ահազանգել իր պաշտպանյալին խոշտանգումների ենթարկելու մասին:

Հետագայում ոստիկանները բացատրել էին, որ նկարիչը հայհոյել է ոստիկանական համակարգը, եւ «նույնիսկ ոստիկանապետին», նաև նշել էին, որ վերջինս դիմադրություն է ցույց տվել իրենց:
Ձերբակալվելու հաջորդ օրը Վանեսքեհյանն ազատ էր արձակվել ու հիվանդանոցում բուժում էր սկսել ստանալ, հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրվա վաղ առավոտյան վերջինիս կրկին ձերբակալել էին:

ՔՀԿ-ում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նրան ստիպված են եղել տեղափոխել բուժկետ: Պաշտպանները վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել՝ վերանայելու համար կալանքի որոշումը, ինչը և բավարարվել էր: Վանեսքեհյանը մինչ ձերբակալվելը պատրաստվում էր լուրջ վիրահատության: