Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա զոհ

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա զոհ

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում բախվել են BMW և Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի, որոնցից երկուսը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Նոր Հաճնի բաժնի ծառայողները: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ: 

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: