Տուգանք՝ կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար, Փաշինյանի հետ հանդիպումը մոտ 2 ժամ է տեւել․ Մամուլը՝ սուրճով

Տուգանք՝ կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար, Փաշինյանի հետ հանդիպումը մոտ 2 ժամ է տեւել․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԱԺ-ում տարեվերջյան ամփոփիչ հանդիպում է ունեցել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը մոտ երկու ժամ է տեւել ու բարիդրացիական մթնոլորտում է անցել:

Իշխանական պատգամավորները Փաշինյանի հետ խոսել են կուսակցական հարցերից, ամփոփել են տարին ու քննարկել են նաեւ եկող տարվա իրենց անելիքները: Հանդիպման օրակարգի առաջնային հարցերից եղել է նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ երկար դադարից հետո ՌԴ վերջին այցը, որտեղ նա մի շարք քննարկումների է մասնակցել:

Փաշինյանը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել սանկտպետերբուրգյան իր այցը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը:

Բանն այն է, որ քննությամբ պարզվել է՝ երեխաների մայրը նմանօրինակ տեսանյութերը պատրաստել, ուղարկել է իր ամուսնու հետ Նուբարաշենի բանտի նույն խցում կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի։ Իսկ ինչո՞ւ է նա նկարել ու կոնկրետ ուղարկել այդ տղամարդուն. նմանօրինակ տեսանյութերի դիմաց երեխայի մորը խոստացել են սոցիալական աջակցություն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս դեպքով Նուբարաշենի բանտում խուզարկություն է իրականացվել, հատկապես՝ սեռական բռնություն իրականացրած հոր՝ Մանվել Մադաթյանի խցում:

Իսկ ի՞նչ է հայտնաբերվել։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ խցում եղել են հեռախոսներ, Թաթուլ Մադաթյանի մոտ եւս եղել է հեռախոս՝ գործի համար արժեքավոր նյութերով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է. նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, եւ նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (անչափահասին առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, որոնք կատարվել են 12-ից 14 տարին չլրացած անձի նկատմամբ վերընթաց ազգականի կամ այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը):

Մեղադրանք է առաջադրվել նաեւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը այն անձի կողմից, որի վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականությունը), 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից, եւ որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով)»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ավտոկայանատեղիների «Ա» և «Բ» գոտում 1 օր կայանման և կայանման համար սահմանված գումարը չվճարելու համար քաղաքացիները հունվարի 1-ից պարտավոր կլինեն վճարել 5000 դրամ։

Եթե, օրինակ, մեքենան մի քանի օր կանգնեցնեք կարմիր գծերով ավտոկայանատեղիում և չվճարեք համապատասխան գումարը, ապա ամեն օրվա համար անհրաժեշտ կլինի վճարել 5000 դրամ։

Հունվարի 1-ից Երևանում կարմիր գծերի կայանատեղիների համար նախատեսված են նոր դրույքաչափեր.

«Ա» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 300 դրամ, մեկ օրվա համար` 2 000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5 000 դրամ, մեկ ամսվա համար՝ 18 000 դրամ, իսկ մեկ տարվա համար` 160 000 դրամ: «Բ» գոտում կայանման մեկ ժամի համար սահմանված է 200 դրամ, մեկ օրվա համար՝ 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար` 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24 000 դրամ:

Նախկինում ավտոկայանատեղիներ վճարը, 160 հազար կամ 24 հազար դրամի փոխարեն, ամբողջ Երևանի համար 12 հազար դրամ էր տարեկան։

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ «Ա» գոտին համարվում է Փոքր կենտրոնը, իսկ Փոքր կենտրոնից դուրս հարակից կամ հարող շրջանները, որտեղ կան կարմիր գծեր, համարվում է «Բ» գոտի, սական, օրինակ, Փոքր կենտրոն համարվող Տիգրան Մեծ պողոտայի վերջնահատվածը կարող է նաև համարվել «Բ» գոտի»։