Ի՞նչ կարևոր գործ է անում մարզպետը, որ առանց նրա հնարավոր չէ․ մարզպետներից ուզում են հրաժարվե՞լ (տեսանյութ)

Ի՞նչ կարևոր գործ է անում մարզպետը, որ առանց նրա հնարավոր չէ․ մարզպետներից ուզում են հրաժարվե՞լ (տեսանյութ)

Կառավարությունում կարծես թե կամաց-կամաց ուզում են հրաժարվել մարզպետների ինստիտուտից և լուծարել մարզպետարանները։ Համենայնդեպս, վերջին շրջանում այդպիսի խոսակցություններն ավելի ակտիվ են։ 

Այդ մասին է խոսում նաև այն, որ օրեր առաջ որոշում կայացվեց, որ այսուհետ բուժհաստատությունները մարզպետարանի ենթակայության տակ գործելու փոխարեն կգործեն առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Սա, իրականում, խելամիտ որոշում էր, ու, հավանաբար, հաջորդը կլինի դպրոցները մարզպետարանի տակից պոկելն ու ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո մտցնելը։ Իրականում, մարզպետները սոսկ միջնորդ են համայնքների և կառավարության միջև, և որևէ էական գործառույթ չեն կատարում՝ ընդամենն ավելորդ թղթաբանություն է ավելանում մարզպետարանների գոյությամբ։ 

Երեկ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այս թեմայով MediaHub-ի հետ զրույցում փորձեց ընդգծել մարզպետների կարևորությունը՝ շեշտը դնելով առավելապես մարզպետի անձի վրա։

«Ես ի սկզբանե, հենց առաջին օրվանից ասել եմ՝ իմ համար նշանակություն չունի, թե էս կառույցը մարզպետի՞ լիազորությունների տակ է, թե՞ մարզպետի տակ չէ։ Երևանից, որ գնում ես Գյումրի, ցուցանակից մի մետր որ ոտքդ դնում ես՝ մինչև Բավրա, պատասխանատվություն ես զգում Շիրակի մարզի յուրաքանչյուր բնակչի համար, ու իմ համար ընդհանրապես կապ չունի՝ էդ կառույցի հետ մարզպետարանը որևէ առնչություն ունի՞, թե՞ չունի, ընդհանրապես կապ չունի՝ էդ շինարարությունը մարզպետարա՞նն է անում, թե՞ տարածքային կառավարման հիմնադրամը»,- ասաց Դավիթ Առուշանյանը։

-Իսկ ի՞նչ է անում մարզպետը, առհասարակ, խնդիրն այստեղ Ձեր մասին չէ, այլ մարզպետների՝ առհասարակ, իրենց ֆունկցիան ո՞րն է, այդ ի՞նչ է անում մարզպետը, որ եթե չանի, այդ մարզը չի կարող գոյատևել։ 

-Ընտրությունները կանցնի, մի օր իրար հետ կունենանք մեկ աշխատանքային օր՝ մարզպետի։ 

-Ես զուտ ֆունկցիոնալ առումով նկատի ունեմ, ոչ՝ անձնավորված, որովհետև ասում են՝ մարզպետն ընդամենը միջնորդի դեր է կատարում։

-Մարզպետը կառավարության ներկայացուցիչն է մարզում, մարզպետը վերահսկում է շինարարությունը, օրինակ՝ մարզպետի վերահսկողության տակ են հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները, դրանց ընդհանուր բյուջեների հաստատումները, հաստիքացուցակները․․․ 

-Որոնցից շատ դեպքերում տեղյակ չեն լինում մարզպետները, չգիտեն՝ որ հիվանդանոցում ինչ խնդիր կա, որ դպրոցում ինչ խնդիր կա։ 

-Ես բնորոշումներ չէի տա, ես որևէ մի մարզպետի աշխատանքի մասով բնորոշում չէի տա, բոլոր մարզպետները շատ լավ են աշխատում։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վահե Մակարյան