Որքան արցախցի է ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը

Որքան արցախցի է ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 52 600 չափահաս անձի արդեն իսկ փոխանցվել է 100 000 դրամ միանվագ աջակցությունը։ 25 963 անչափահաս անձանցից 17 139-ի վերաբերյալ այս պահի դրությամբ կան մուտքագրված դիմումներ․ գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Կարևոր դիտարկումներ․

վճարումն իրականացվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված անձանց վերաբերյալ առկա տվյալների հիման վրա՝ Կենտրոնական բանկի կողմից Միասնական սոցիալական ծառայությանը փոխանցվող քարտային հաշիվներին փոխանցելու միջոցով,

գումարը վճարվում է վճարային քարտերին փոխանցելու միջոցով՝ բացառությամբ 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր չունեն վճարային քարտեր, աջակցությունը կարող են ստանալ առձեռն՝ մոտենալով Հայփոստ կամ փոստատարի միջոցով,

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ինչպես նաև Կենտրոնական բանկից ստացվող նոր տվյալների հիման վրա կշարունակվեն վճարումները․ կկազմվեն նոր վճարման ցուցակներ և կուղարկվեն վճարման,

անչափահասների համար աջակցությունն ստանալու համար անհրաժեշտ տվյալներն առցանց դիմումով մուտքագրելուց հետո ստացվում է հաղորդագրություն՝ դիմումը հաստատելու կամ մշակման փուլում գտնվելու (հաշվառվելու) կամ մերժելու մասին։

Եթե նշվում է, որ դիմումը գտնվում է մշակման փուլում, ապա նոր դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ պետք է սպասել ներկայացված դիմումի հաստատման կամ մերժման մասին հաղորդագրություն ստանալուն։

Տեղահանված այն անձինք, ովքեր մինչև 18 տարեկան երեխաների համար դեռևս առցանց դիմում չեն ներկայացրել, պետք է՝

մուտք գործեն https://dimum.ssa.am հարթակ.

ընտրեն «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմեն «Դիմումի մուտքագրում» կոճակը.

լրացնեն էլեկտրոնային հասցե և սեղմեն «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի դիմումատուի էլեկտրոնային հասցեին, որը վերջինս կարող է լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը.

լրացնեն երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները (բացված էջում) և սեղմել «հաստատել» կոճակը.

գրանցեն երեխաների տվյալները՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։ Փաստաթղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը։

Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալներն ինքնաշխատ կհամադրվեն համապատասխան բազաների տվյալների հետ, և, եթե դիմումը չմերժվի, այն կփոխանցվի մշակման փուլ: