Բուլղարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին

Բուլղարիան չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին, եթե ռուսական նավթի գնման արգելքից բացառություն չստանա, ասել է փոխվարչապետ Ասեն Վասիլեւը, փոխանցում է Reuters-ը։
Կիրակի Եվրամիության կառավարությունները մոտեցել են Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների համաձայնեցմանը, սակայն որոշել են երկուշաբթի լրացուցիչ բանակցություններ վարել՝ պարզելու, թե ինչպես կարելի է ապահովել, որպեսզի ռուսական էներգիայից առավել կախված երկրները կարողանան հաղթահարել իրավիճակը:
«Բանակցությունները կշարունակվեն, եւ դրանք ավարտին հասցնելու համար կարող է երեքշաբթի առաջնորդների հանդիպում անհրաժեշտ լինել: Մեր դիրքորոշումը շատ հստակ է: Եթե երկրներից որեւէ մեկի համար բացառություն լինի, մենք նույնպես ցանկանում ենք ստանալ այն,- ասել է Վասիլեւը։- Եթե ոչ, մենք չենք աջակցի պատժամիջոցներին։ Բայց ես հույս ունեմ, որ դրան չի հասնի՝ այս պահին բանակցություններից ելնելով»:
Դեպի ծով ելք չունեցող Հունգարիան, Սլովակիան եւ Չեխիան, որոնք մեծապես կախված են խորհրդային ժամանակների խողովակաշարերով մատակարարվող ռուսական նավթից, բախվում են այլընտրանքային աղբյուրների ապահովման խնդրին եւ պահանջում են վերացնել արգելքը: Բուլղարիան եւս բացառություն է խնդրել։
Եվրահանձնաժողովն ուրբաթ առաջարկել էր փոփոխություններ կատարել ռուսական նավթի ծրագրված էմբարգոյում, որպեսզի երեք երկրներին ավելի շատ ժամանակ տրվի՝ իրենց էներգակիրների մատակարարումները փոխելու համար, մինչդեռ Բուլղարիային ոչ մի զիջում չի առաջարկվել, հայտնել են ԵՄ աղբյուրները:
Վասիլեւն ասել է, որ Բուլղարիան նույնպես պետք է բացառություն ստանա, քանի որ դրա միակ նավթավերամշակման գործարանին Սեւ ծովի Բուրգաս նավահանգստում ժամանակ է պահանջում՝ ռուսական նավթից ազատվելու համար:
Նրա խոսքով՝ բացառության բացակայությունը կա՛մ բնապահպանական լուրջ ռիսկեր կստեղծի Բուրգասի համար, կա՛մ կստիպի նավթավերամշակման գործարանին կրճատել վերամշակումը, ինչը դեֆիցիտ կստեղծի եւ վառելիքի գների հետագա բարձրացման կհանգեցնի: