Սահիբա Գաֆարովան Վրաստանում հանդիպել է երկրի նախագահի և վարչապետի հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
Քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները և ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները, նաև Թուրքիայի հետ եռակողմ համագործակցության հարցեր։
Կավելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն «աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ այս գործընթացում»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես հանդիպել է Գաֆարովայի հետ: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությանը, տարածաշրջանային համատեղ նախագծերին, նաև տնտեսական համագործակցությանը վերաբերվող հարցեր:
Կողմերը ընդգծել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությունը։ Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը պատրաստ է այսուհետ ևս իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ապահովման գործում: