14-ամյա աղջիկը պատվիրել է սպանել հարազատ մորը նրա հետ վեճից հետո

14-ամյա աղջիկը պատվիրել է սպանել հարազատ մորը նրա հետ վեճից հետո

Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում 14 տարեկան աղջիկը, մոր հետ վիճաբանությունից հետո, պատվիրել է ծնողի սպանությունը՝ 350 000 ռուբլու դիմաց։ Աղջիկը և 14-16 տարեկան ևս երեք դեռահաս բերման է ենթարկվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի շրջանի վարչության մամուլի ծառայությունը։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, հետաքննության տվյալներով՝ մեղադրյալներից մեկը մոր հետ կոնֆլիկտից հետո ընկերոջը խնդրել է գտնել մարդկանց, որոնք կհամաձայնեն սպանել կնոջը։

Երիտասարդն իր անչափահաս ծանոթներից երկուսին առաջարկել է սպանություն կատարել և 350 000 ռուբլի պարգևատրում խոստացել։ Մարտի 24-ին չորս երիտասարդները հավաքվել են Բալաշիխայի բնակարաններից մեկում։ Այն բանից հետո, երբ աղջկա մայրը տուն է վերադարձել, դեռահասներից մեկը հարձակվել է նրա վրա և խեղդամահ արել։ Երկու օր անց նրանք վերադարձել են բնակարան՝ կնոջ դին վերցնելու և աղբամանը գցելու համար։ Մահացածի դին հայտնաբերել են անցորդները։

kp.ru-ն հավելում է, որ մոր և աղջկա վեճի պատճառը եղել է դեռահասի ընկերը, որը տեղափոխվել է նրանց բնակարան ապրելու, ինչն էլ դուր չի եղել աղջկա մորը:

ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածը նման հանցանքի համար նախատեսում է ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս 16 տարեկանից ցածր հանցագործություն կատարած անչափահասներին դատապարտել ավելի քան վեց տարվա ազատազրկման: