Ռուսաստանում թեյի դեֆիցիտ կարող է առաջանալ

Ռուսաստանում թեյի դեֆիցիտ կարող է առաջանալ՝ երկիր պատրաստի արտադրանքի ներմուծման զրոյական մաքսատուրքերի պատճառով։ Ինչպես ասել է ոլորտային «Ռոսչայկոֆե» միության ղեկավար Ռամազ Չանթուրիան, նման իրավիճակ կարող է լինել 2022 թվականի աշնանը, փոխանցում է MK-ն։
Նրա խոսքով՝ պատրաստի թեյի արտադրանքի ներմուծման 10 տոկոս դրույքաչափերի դեպքում դեֆիցիտի ռիսկը շատ ավելի ցածր է դառնում, քան զրոյականի դեպքում։ Չանթուրիան հավելել է, որ մարտին ԵԱՏՄ երկրները չեղարկել են փաթեթներով թեյի ներմուծման մաքսատուրքերը, գրում է Газета.Ru-ն։
Բացի այդ, կարող է ազդել նաեւ ծովային փոխադրումների թանկացումը։ Այսպես, պատժամիջոցների պատճառով Ռուսաստան ժամանող ծովային բեռնարկղների թիվը նվազել է։ Միաժամանակ բարձրացել է բեռնափոխադրումների գինը։
Չանթուրիան հավելել է, որ այժմ ավելի ձեռնտու է պատրաստի թեյ ներկրելը՝ ավելի բարձր ավելացված արժեքի պատճառով։ Այս իրավիճակը լրջորեն կկրճատի արտասահմանյան հումքի առաջարկը, որի վրա «հենվում է ռուսական թեյի վերամշակող ոլորտը»։ Արդյունքում Չանթուրիան նշել է, որ «Ռոսչայկոֆեն» մտադիր է ԵԱՏՄ-ին մինչեւ մայիսի վերջը համոզել չեղարկել պատրաստի թեյի ներմուծման զրոյական մաքսատուրքը։
Միաժամանակ «Մոսկվայի թեյի ֆաբրիկա»-ում նշել են, որ թեյի արտադրության համար հումքի ինքնարժեքը նույնպես աճում է։